211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ մեկ տարուց ավելի է Գարեգին Նժդեհ փողոցի շենքերից մեկի նկուղը ամբողջությամբ լցված է կեղտաջրերով․ շենքը գնալով նստում է, իսկ գարշահոտը զգացվում է անգամ բնակարաններից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count1051 դիտում article-date 11:23 16-02-2026
Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի 35 շենքի նկուղներից մեկը ամբողջությամբ լցված է կեղտաջրերով՝ վերածվելով հակասանիտարական և վտանգավոր տարածքի։

Մոտ 70 քառակուսի մետր տարածք ընդգրկող նկուղը, որը նախկինում ունեցել է բիզնես նշանակություն և օգտագործվել է տնտեսական գործունեության համար, այսօր լիովին անպիտան է դարձել։ Տարածք մուտք գործելը գրեթե անհնար է․ կեղտաջրերը լցվել են ամբողջ մակերեսով, այնտեղից տարածվում է ուժեղ գարշահոտ, իսկ խոնավությունը վնասում է շենքի հիմքերը։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում օզոնային մաքրման ոլորտի նորարար ձեռնարկատեր և հիմնադիր Դավիթ Ղարիբյանը ասում է, «Ozone Cleanings» և «Ozone Aero» ընկերությունների, որոնք իրականացնում են քիմիական նյութերից ազատ ախտահանման լուծումներ տարբեր ոլորտներում։ Օզոնային մաքրման ծառայությունը հիմնադրվել է 2019 թվականին Երևանում և օգտագործում է օզոնի բարձր օքսիդացնող հատկությունները տարածքների և սարքավորումների ախտահանման համար։    

«Բազմիցս դիմել ենք «Վեոլիա ջրին», Երևանի քաղաքապետարան, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, անգամ ՀՀ Առողջապահության նախարարություն, սակայն մինչ օրս խնդիրը լուծում չի ստացել։ Գարշահոտը զգացվում է ոչ միայն շենքի բակում, այլ նաև բնակարաններում։ Բացի այդ, նկատելի է, որ շենքը գնալով նստում է, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում»։

Բնակիչների խոսքով՝ ստեղծված իրավիճակը ոչ միայն խաթարում է բնականոն կենցաղը, այլ նաև կարող է վտանգել շենքի կառուցվածքային անվտանգությունը։ Կեղտաջրերով լցված նկուղը կարող է հանգեցնել շենքի հիմքերի թուլացման, պատերի ճաքերի առաջացման և առողջապահական խնդիրների՝ հատկապես երեխաների ու տարեցների համար։

Տեղացիները հույս են հայտնում, որ պատասխանատու կառույցները վերջապես կարձագանքեն ահազանգին և կձեռնարկեն անհապաղ միջոցներ՝ խնդրի վերջնական լուծման համար, քանի դեռ այն չի վերածվել անդառնալի հետևանքների պատճառի։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր