211652_close_icon
views-count37444 դիտում article-date 11:25 23-10-2024

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Մալաթիայում բարձրահարկ շենքի նկուղը 1 տարի է՝ ողողվում է կեղտաջրերով, բնակիչներն էլ ասում են. «Քաղաքապետը, թաղապետը և «Վեոլիա ջուրը» «տունտունիկ են խաղում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն տևական ժամանակ է՝ SHAMASHYAN.com-ը ահազանգեր է ստանում Երևանի Մալաթիա-Սեբաստաիա վարչական շրջանի Անդրանիկի 122 բազմաբնակարանային, ինչպես նաև դրան հարակից շենքերի բնակիչներից, ովքեր ուզում են հասկանալ, թե ի վերջո երբ են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը կարողանալու պարտավորեցնել «Վեոլիա ջուր» ընկերությանը, որպեսզի ամբողջ շենքը չհայտնվի վթարային իրավիճակում:

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«1 տարուց ավելի է՝ 14 հարկանի շենքի նկուղը ողողված է կեղտաջրերով: Ում ասես՝ դիմել ենք, էլ քաղաքապետարան, էլ թաղապետարան, էլ «Վեոլիա ջուր», սակայն ոչ mի դրական պատասխան:

Քաղաքապետարան զանգում ենք, ասում են՝ դիմեք թաղապետարան, թաղապետարան էլ զանգում ենք, ասում են՝ դա մեր գործը չի, դիմեք «Վեոլիա ջուր», «Վեոլիա ջուրն» էլ 1-2 անգամ եկել ստից, մի 10 րոպե իբրև խցանումը բացել են, թողել գնացել են, ոչ ոք չի փորձում էս խնդիրը լուծել:  

Երևի սպասում են, որ տարածքում տիրի համաճարակ, շենքն էլ դառնա վթարային, որ հետո գան ոչ թե եղածը սարքեն, այլ բնակիչներին տարհանեն, ասեն՝ գնացեք ուրիշ տեղ ապրեք:  

Հետաքրիքր է, որ վճարումները կանոնավոր կատարում ենք, ինչի «Վեոլիա ջուրը» չի պարտավորվում այդ խնդիրը լուծել, միգուցե «Վեոլիա ջուր»-ն ավելի հզոր է, քան Երևանի քաղաքապետարանն ու Մալաթիայի թաղապետարանը:
 
Հակառակ դեպքում մի հատ խիստ մոտեցում «Վեոլիա ջրի» նկատմամբ, խնդիրը, հավատացած ենք, կլուծեն:

Ով է տեսել՝ 21-րդ դարում նման անտարբեր վերաբերմունք քաղաքացու նկատմամբ, ով պարտաճանաչորեն վճարումը կատարում է, ասում են՝ ուղևորվում ենք դեպի Եվրոպա, և հետաքրքիր է, դուք գիտե՞ք, որ Եվրապայում, եթե պարտաճանաչ սպառողը նման բանի համար դատի տար այն ընկերությանը, ով պարտավոր է նման խնդիրները հրատապ վերացնել, ինչ կլիներ, անգամ այդ ընկերությանը կզրկեին լիցենզիայից, կպարտավորեցնեին խնդիրը ոչ միայն լուծել, այլ նաև փոխհատուցել բնակիչներին, իսկ մեզ մոտ՝ Երևանում, կարծես թե առաջնորդվում են «էշ մի սատկի, գարուն կգա» ժողովրդական խոսքով:

Հիմա տեսնում եք՝ կեղտաջրերը անխնա ինչքան են հոսում, իսկ գարշահոտը, ափսոս,  տեսախցիկով փոխանցել չի ստացվի: Ամոթն էլ է լավ բան, մեր միջոցներով նկուղով անցնող ջրագծերը փոխել ենք, և ուրախացել ենք, որ այլևս նման բան չի լինի, բայց արի ու տես, որ 1 տարի է՝ անտերության է մատնված, իսկ Երևանի քաղաքապետարանը, Մալաթիայի թաղապետարանն ու «Վեոլիա ջուրը» «տունտունիկ են խաղում». մեկը մեկի վրա է գցում, իսկ այդ ընթացքում շենքի հիմքերն են վնասվում ու ամեն տարի առաջանում է խոլերայի վտանգ»:

Լուսանկարները  և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր