211652_close_icon

Երևանի Առնո Բաբաջանյան 39 շենքի բակում սկսվել են ցանկապատի տեղադրման աշխատանքներ, այն դեպքում, երբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը այլ հանձնարարական էր տվել վարչական շրջանին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count3140 դիտում article-date 13:17 06-02-2026
Մոտ մեկ տարի առաջ Բաբաջանյան 39 շենքի բակը վերանորոգվեց․ տեղադրվեցին նստարաններ, կառուցվեցին ճեմուղիներ, բարեկարգվեց տարածքը, ինչը բնակիչների կողմից միայն ողջունվեց։ Սակայն այժմ նույն տարածքում՝ նորոգված բակի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցի միջև, անհասկանալի նպատակով սկսվել է ցանկապատի տեղադրման աշխատանքներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքը չի հանդիսանում ավտոմեքենաների երթևեկության ճանապարհ, չի ներկայացնում վտանգավոր գոտի, չկա ձորակ կամ անվտանգության այլ ռիսկ, որը կարող էր նման քայլը արդարացնել։

Ստացվում է, որ առանց ակնհայտ անհրաժեշտության իրականացվում է հերթական ծախսը՝ հանրային միջոցների հաշվին, ինչը լուրջ դժգոհություն է առաջացնում բնակիչների շրջանում։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում մի խումբ բնակիչներ, ովքեր չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ խնդրում են պարզաբանել՝ արդյոք քաղաքապետարանը տեղյա՞կ է իրականացվող աշխատանքներից, ի՞նչ նպատակ է հետապնդում ցանկապատի տեղադրումը և եթե այն չի բխում բնակիչների շահերից ու տարածքի տրամաբանությունից, պահանջեցին դադարեցնել աշխատանքները և ապամոնտաժել ցանկապատը։

Հատկանշական է, որ դեռ երկու ամիս առաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գրությանն ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը տեղեկացրել էր, որ համապատասխան հանձնարարական է տրվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանին՝ չտեղադրել մետաղե ճաղերը և Բաբաջանյան 39 շենքի բակի տարածքում հետագա բարելավման աշխատանքներ չիրականացնել առանց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ համաձայնեցված նախագծի։ Այսինքն՝ ցանկապատի տեղադրումը ոչ միայն անհասկանալի է բնակիչների համար, այլ նույնիսկ վերադաս մարմնի կողմից արդեն իսկ արգելվել է։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր