211652_close_icon

Անկախ բոլոր փորձություններից՝ մեր բանակը կանգնած է պետության և քաղաքացիների անվտանգության առաջնագծում․ Ֆելիքս Միրզոև

views-count4114 դիտում article-date 21:12 28-01-2026
Արզնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևը շնորհավորական ուղերձ է հղել բանակի կազմավորման օրվա կապակցությամբ․

«Սիրելի հայրենակիցներ,

Հայոց բանակի գեներալներ, սպաներ և զինվորներ, զինծառայողներ և պահեստազորայիններ,
1992 թվականի հունվարի 28-ին Զինված ուժերի կազմավորումն անկախության և ինքնիշխանության համար պայքարում մեր ժողովրդի նվիրական իղձերի բյուրեղացումն էր, որն ապացուցում էր Հայաստանի Հանրապետության լինելիության իրավունքը:

Ավելի քան երեք տասնամյակի ընթացքում Զինված ուժերն անցել են կայացման դժվարին ուղի՝ մեր պետականության կերտման հետ համաքայլ: Այս ճանապարհին բանակը հաղթահարել է բազմաթիվ փորձություններ, նվաճել հաղթանակներ և ճաշակել կորուստների դառնություն: Բայց այս ամենի հանրագումարում մեր բանակը եղել և մնում է մեր պետության, հայրենիքի ու քաղաքացիների անվտանգության ու պաշտպանության ամենագլխավոր և ամենավստահելի երաշխավորը:

Այսօր մենք տոնելով բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը, խոնարհվում ենք հանուն մեր երկրի անկախության ու անվտանգության զոհվածների հիշատակի առաջ և միաժամանակ մեր երախտիքի խոսքն ու շնորհակալությունն ենք հայտնում Հայոց բանակի զինծառայողներին, որոնք անկախ եղանակային կամ որևէ այլ պայմաններից, անձնվիրաբար հսկում են մեր երկրի սահմանների անդորրն ու մեր քաղաքացիների անվտանգությունը:

Շնորհավորում եմ բոլորիս բանակի կազմավորման օրվա կապակցությամբ և մաղթում ոգու ամրություն, ուժ ու կորով մեր բոլոր զինծառայողներին՝ հանուն Հայաստանի Հանրապետության խաղաղության և հզորացման»:

Նմանատիպ նյութեր