211652_close_icon

3 ամիս առաջ միջնորդել էինք, որ Նարեկ Օհանյանի կինը հարցաքննվի. Պաշտպան

views-count1252 դիտում article-date 18:58 23-01-2026
 Երեք ամիս առաջ միջնորդել էինք, որ հարցաքննվի Նարեկ Օհանյանի կինը, սակայն, երեք ամիս անց՝ նախաքննության ավարտից մեկ օր առաջ են նրան հարցաքննել ու տվել երկու հարց։ Այս մասին այսօր Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի եւ ընկերոջ սպանության գործով դատական նիստին ասել է Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

«Նարեկ Օհանյանի կինը հարցաքննության է ներկայացել փաստաբանի հետ, փաստաբանը քննիչին հարցրել է, թե ինչի չի տալիս այն հարցը որ տվել է բոլոր վկաներին, սակայն նա այդպես էլ այդ հարցը չի տվել ու ավարտել է հարցաքննությունը։ Բացի դրանից, Նարեկ Օհանյանն ընդամենը մեկ ժամ է ունեցել գործի նյութերին ծանոթանալու համար»,– ասել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ  սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել՝ ոչ ծառայության հետ կապված։  Վիրավորում ստացած քաղաքացին, որը  ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում, Արծրուն Գալստյանն է։ Սպանություն կատարած անձը եղել է դիմակավորված և ձեռնոցներով, մոտեցել է տան մոտ կանգնած Գրիգորյանին և նրա ընկերներին, դիմահար կրակահերթ արձակել։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գործով այժմ երկու մեղադրյալ կա՝ 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը, նրանք երկուսն էլ կալանքի տակ են։

Նմանատիպ նյութեր