211652_close_icon

Զինվորական ծառայության ժամկետի կրճատումը առնվազն անտրամաբանական է․ Ռազմական փորձագետ․ Aysor.am

views-count1390 դիտում article-date 20:15 07-01-2026
 Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ֆեյսբուքյան տեսաուղերձով  հայտնել է, որ մեկնարկել է ձմեռային զորակոչը. այսօրվանից զորակոչված զինակոչիկները կծառայեն 18 ամիս, ինչի կապակցությամբ էլ Պապիկյանը շնորհավորել է նրանց։

«Եթե ծառայության ժամկետը մարդկանց քմահաճույքով է որոշվում, ապա այդ  մարդիկ իրականությունից կտրված են»,- Aysor.am-ի հետ զրույցում նշել  է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

Նրա խոսքով՝ ծառայության ժամկետը պետք է  որոշվի՝   ելնելով  երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները և սպառնալիքները չեզոքացնելու, վերացնելու  անհրաժեշտությունից։

«Այդ թվում՝ առաջին հերթին երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության նպատակով, հավանական կամ իրական հակառակորդների կողմից տվյալ երկրի նկատմամբ ոտնձգությունները կանխելու, ինչպես նաև հնարավոր պատերազմը թույլ չտալու համար»,- նշել  է Հայկ Նահապետյանը:

Փորձագետն ասել է՝  եթե իշխանությունը  գնահատում է,  որ մեզ մոտ սպառնալիքները, մարտահրավերները պակասել են, ապա իրականությունից կտրված է.

«Իշխանությունը կարծում  է, թե սպառնալիքները նվազել են, սակայն ես այլ կարծիք ունեմ,  որը հիմնված է Ադրբեջանի բանակի սպառազինության կտրուկ աճի, անձնակազմի թվի ավելացման փաստի վրա,  այդ թվում՝ Պակիստանից նորագույն՝ հինգերորդ սերնդի ռազմական կործանիչների, ինչպես նաև այլ զինտեխնիկայի ձեռքբերման, որոնք հարձակողական բնույթի են, ոչ թե պաշտպանողական։ Ըստ այդմ՝ ծառայության ժամկետը  մեզ մոտ պետք է ոչ թե պակասի, այլ ավելանա։ Կրճատումը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, որ հակառակորդի կամ իրական թշնամի պետության կողմից ոտնձգության դեպքում  բավարար պատրաստվածություն չունենանք։ Իսկ մենք այսօր  երկու պետության հետ փաստացի պատերազմի մեջ ենք»։ 

Հայկ Նահապետյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի բանակի  թվաքանակի,  սպառազինության, հարձակվողական զինատեսակների աճի պայմաններում, մեր երկրի նկատմամբ անվտանգային սպառնալիքների նվազման մասին խոսելը անհիմն է, ուստի նման իրավիճակում զինծառայության ժամկետի կրճատումն առնվազն անտրամաբանական է։

Նմանատիպ նյութեր