211652_close_icon

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսի տունը երեկ կրակի է մատնվել․ ընտանիքին, այդ թվում՝ 3 անչափահաս երեխաներին, օգնել կամեցողները կարող են կապ հաստատել հերոսի հոր հետ․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count48041 դիտում article-date 21:06 07-01-2026
Երեկ՝ հունվարի 6-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ-տեսանյութ է հրապարակել Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր հրդեհի վերաբերյալ։

Տեղեկացրել էինք, որ հրդեհը բռնկվել էր Մասիս խոշորացված համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի 18-րդ փողոցի թիվ 25 տանը, որը պատկանում էր Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, 31-ամյա Անդրանիկ Գևորգյանի ընտանիքին։

Հրապարակմամբ խնդրել էինք բարեգութ մարդկանց, որպեսզի հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեն հերոսի ընտանիքին, որտեղ ապրում էին նրա 3 անչափահաս երեխաները, ծնողները և հարազատները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից հետո SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել այն քաղաքացիներից, ովքեր պատրաստակամություն են հայտնել օգնել հերոսի ընտանիքին։

Ներկայացնում ենք ընտանիքի կողմից տրամադրված բանկային հաշվեհամարը՝
 
  • ACBA Bank – 220020090084425 (Արմեն Գևորգյան)
 
  • Արմեն Գևորգյան՝ հերոսի հոր հեռախոսահամարը՝  094 210516

Ցանկացողները կարող են զանգահարել նշված հեռախոսահամարով և փոխանցումները կատարել վերոնշյալ հաշվեհամարին։

Ինչպես ավելի վաղ  տեղից  հայտնել էր  ֆոտոլրագրողը՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի տներից մեկում հրդեհ է  բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ, նշված բնակավայրի 18-րդ փողոցի թիվ 25 տանը առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են ընտանիքի անդամները, հարևանները ապա ժամանած հրշեջները։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և գումարտակի ծառայության ավագ տեուչ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Պետրոսյանը և Աֆթանդիլ Հակոբյանը։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չեն եղել, սակայն տան գույքի մեծ մասը մոխրի էր վերածվել, որոշ գույք էլ դարձել է ոչ պիտանի։ Ցավոք, մոխրի էր վերածվել նաև տան տիրոջ, Արցախյան 44-օրա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս 31-ամյա Անդրանիկ Գևորգյանի փառքի անկյունը։ Միայն հրաշքով չէր վառվել հերոսի մեծադիր նկարը։

Ընտանիքը բազմանդամ է, 3 անչափահաս՝ 11-ամյա Դանիելը, 4-ամյա Անդրանիկը, 7-ամյա Էլենը, թոշակառու հայրը և ընտանքի մյուս անդամները, ովքեր այս պահին ժամանակավորապես գիշերելու են իրենց բարեկամների տներում, միչև կարողանան լուծել առաջին անհրաժեշտության պարագաների խնդիրը, այդ թվում մահճակալների ու բազմոցի։ 

SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց, որպեսզի օգնության ձեռք մեկնեն հերոսի ընտանիքին և վստահ է, որ օգնության ձեռք կմեկնեն նաև Արարատի մարզպետարանը, Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ հերոս Ա․ Գևորգյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին։ 

Կենսագրությունը

Գևորգյան Անդրանիկ Արմենի

Ծնվել է 1989 թվականի հոկտեմբերի 23-ին, Վայոց ձորի մարզի Բարձրունի գյուղում։

1996 թվականին հաճախել է Բարձրունու միջնակարգ դպրոցը և 2006 թվականին ավարտել է այն։

Այնուհետև ընդունվել է Արարատի պետական քոլեջի «Ատամնատեխնիկ» ֆակուլտետ։ 2007 թվականին տարկետում է վերցրել և զորակոչվել Հայոց բանակ։

Վերադառնալուց հետո շարունակել ու ավարտել է քոլեջը 2010 թվականին և անցել պրակտիկա։ 2013 թվականին ամուսնացել է և նույն թվականին ընդունվել որպես պայմանագրային զինծառայող։

2016 թվականին պայմանագիրը լրանալուն պես շարունակել է ուսումը Հայ Բուսակ համալսարանի «Ստոմատոլոգիական» ֆակուլտետում և ավարտել 2020 թվականին։

Նույն թվականի հոկտեմբերի 1-ին կամավորագրվել է ու մասնկացել Արցախյան 44-օրյա պատերազմին։ 


Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր