211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են օտարերկրացի 12 ուղևորներ տեղափոխող «Mercedes Sprinter»-ը և 2 «Opel Zafira»-ները․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count75358 դիտում article-date 15:11 03-01-2026
Այսօր՝ հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 70 կմ հատվածում բախվել են Վրաստանի Հանրապետության քաղաքացի 57-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի, Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Արմեն Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և Երևանի բնակիչ 48-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի և դասակի հրամանատար Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Մովսիսյանը և Լևոն Մկրտչյանը։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ալեքսեյ Կարապետյանցի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ չնայած ճանապարհից ձյան շերտը հեռացված է եղել, սակայն այն պատված է եղել մերկասառույցով ու վթարի պատճառներից մեկն էլ հենց դա է եղել, քանի որ ճանապարհն սպասարկող ընկերությունը ձյան շերտը հեռացնելուց հետո աղ ու ավազով այն չի մշակել, իսկ «Mercedes Sprinter»-ում եղել են 12 ուղևորներ, որոնք բոլորն էլ օտարերկրացիներ են ու Հայաստան էին եկել Վրաստանից։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր