211652_close_icon

Խորհրդարանական ընտրությունների հավանական օրը հունիսի 7-ն է. 2026-ի աշնանը նաև մեծ թվով ՏԻՄ ընտրություններ են լինելու

views-count469 դիտում article-date 13:52 24-12-2025
ՀՀ Սահմանադրության կարգավորումների համաձայն՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամկետը հունիսի 2-12-ն ընկած միջակայքն է: Այս տասնօրյակում է, որ պետք է ընտրություններ տեղի ունենան: Ընտրությունների օրը նշանակում է ՀՀ նախագահը: Նախագահի հրամանագիր դեռևս չկա: Բայց որպես ընտրության օր արդեն իսկ նշվում է հունիսի 7-ը, քանի որ այդ տասնօրյակում միակ կիրակին հունիսի 7-ն է: Եթե նախագահը այլ օր նշանակի՝ ոչ կիրակի, այլ որևէ աշխատանքային օր, ապա այն ոչ աշխատանքային օր դարձնելու անհրաժեշտություն կլինի: Դա է պատճառը, որ ընտրությունների հավանական օր նշվում է 2026 թվականի հունիսի 7-ի կիրակին: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:

Ըստ ԿԸՀ նախագահի՝ 2026 աշնանը ևս մեծ թվով ՏԻՄ ընտրություններ են սպասվում:

«Լոռու մարզի Ֆիոլետովո, Լերմոնտովո, Արմավիրի մարզի՝ Ֆերիկ, Արագածոտնի մարզի՝ Արևուտ, Մեծաձոր, Շամիրամ, Կոտայքի մարզի Արզնի համայնքներում մեծամասնական ընտրակարգով են ՏԻՄ ընտրություններ տեղի ունենալու, բայց ընդհանուր 46 համայնքներում են ընտրություններ սպասվում:  Մարզկենտրոնները թվարկեմ՝ Աշտարակ, Արտաշատ, Արմավիր, Գավառ, Վանաձոր, Հրազդան, Կապան, Եղեգնաձոր և Իջևան՝ բացառությամբ Գյումրիի, որտեղ եկող տարի ընտրություն տեղի չի ունենալու, որովհետև այս տարի է տեղի ունեցել»,- ասաց նա:

Վահագն Հովակիմյանը նաև տեղեկացրեց, որ քարոզարշավի և ընդհանրապես ընտրական գործընթացների ֆինանսական թափանցիկության ու ֆինանսավորման օրինականության գործընթացն ավելի պատշաճ և ժամանակակից գործիքակազմերի կիրառմամբ իրականացնելու նկատակով ԿԸՀ-ն, համագործակցելով միջազգային գործընկերների հետ, մոնիթորինգային ծրագրեր է կիրառելու, որոնք հնարավորություն կտան համացանցում տեղի ունեցող գործընթացները, քարոզչությունն ավելի փաստարկված և հնարավորինս ընդգրկուն դիտարկել, մոնիթորինգի ենթարկել:

Նմանատիպ նյութեր