Աշտարակում «Յուքոմ» ընկերության կողմից տեղադրվող ալեհավաքի անվտանգության բոլոր կանոնները պահպանված են. շենքն էլ, որի տանիքին տեղադրվում է այն, սեյսմակայուն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ը դեկտեմբերի 2-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Աշտարակ քաղաքում տեղի ունեցած լարված իրավիճակի մասին, երբ Նարեկացի փողոցում բնակվող բնակիչները բողոքում էին, ասելով, որ «Յուքոմ» ընկերությունը առանց բնակիչների, դպրոցի ուսուցչական կոլեկտիվի ու սաների կարծիքը հայտնելու իրենց փողոցում գտնվող շենքի տանիքին գերհզոր ալեհավաք է տեղադրել:
Հրապարակումից որոշ ժամանակ անց SHAMSHYAN.com-ը պարզեց, որ «Յուքոմ» ընկերության կողմից տեղադրված, սակայն դեռևս չմիացված գերհզոր ալեհավաքի տեղադրման թույլտվությունը տրվել է Պետգույքի կառավարման կոմիտեի կողմից, սակայն մինչ թույլտվություն տալը, մասնագիտական 5-ից ավելի խմբեր են աշխատել, ուսումնասիրել են տեղանքը և պարզել, որ այն իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում, և տեղադրման աշխատանքների թույլտվությունը տրվել է միջազգային չափանիշներին համապատասխան՝ «Յուքոմ»-ի կողմից անվտանգության կանոնների ամբողջությամբ պահպանման արդյունքում:
Պարզվել է նաև, որ բնակիչների հայտնած տեղեկությունը, թե շենքը վթարային է, իրականությանը չի համապատասխանում:
Սեյսմիկ պաշտպանության մասնագետները նույնիսկ մինչև «Յուքոմ»-ի կողմից գերհզոր ալեհավաքի տեղադրումը «Յուքոմ» ընկերության խնդրանքով ուսումնասիրել են, և հայտնել, որ շենքը վթարային չէ և իրենից վտանգ չի ներկայացնում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում բնակվող մեծ թվով բնակիչներ հավաքվել էին նշված փողոցում գործող Գ․ Ղափանցյանի անվան թիվ 4-րդ հիմնական դպրոցի մոտ և պահանջում էին, որպեսզի Արագածոտնի մարզպետարանը՝ մարզպետ Սերգեյ Մովսիսյանի գլխավորությամբ, հստակ պատասխանի, թե ինչպես է եղել, որ «Յուքոմ» ընկերությունը, առանց բնակիչների, դպրոցի ուսուցչական կոլեկտիվի ու սաների կարծիքը հաշվի առնելու բերել ու դպրոցի հարևանությամբ գտնվող, մարզական տարբեր միջոցառումների ու պարապմունքների համար օգտագործվող շինության տանիքին ինքնագլուխ տեղադրել գերհզոր ալեհավաք:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասել էին.
«Երեկ «Յուքոմ»-ից եկել ու ուզում էին արդեն իրենց կողմից տեղադրված սարքը միացնել ու մենք գիտենք, որ այն ճառագայթներ է առաջացնում, ինչը առաջին հերթին վտանգավոր է մարդկանց ու բնության համար:
Երեկ մենք մի փոքրիկ բողոքի ակցիա իրականացրեցինք, ինչից հետո պարեկներ ժամանեցին ու ժամանակավորապես «Յուքոմ»-ի գործողությունները դադարեցվեցին: Հիմա այսօր իմացել ենք որ «Յուքոմ»-ն ասել է, թե մենք էնպիսի հզոր հիմնարկ ենք, որ ոչ ոք չի կարող մեր դեմն առնել, միացումները տալու ենք:
Հիմա ոնց չասես՝ այ «ուղեղից թոփալներ», դուք հաշվի առնում եք ազգաբնակչության կարծիքը:
Ողջ թաղամասը բողոքում է, իսկ դուք ասում եք՝ միացումները տալու ենք:
Հաշվի չեն առել, որ շենքը վթարային է և միացումից հետո կա ուժեղ մագնիսական դաշտի ու ճառագայթի վտանգ, ինչը վտանգավոր է մարդկանց առողջության համար:
Դիմել ենք Կառավարություն, Կառավարությունն ասել է՝ ձեր խնդիրն ուղղեք մարզպետարանին, քանի որ դպրոցները մարզպետարանին են պատկանում, մարզպետարանին էլ դիմել ենք՝ ոչ մի պատասխան դեռ չենք ստացել:
Ճիշտն ասած՝ ուզում էինք դիմել նաև Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանին, ում շնորհիվ Աշտարակը օր օրի ծաղկում, բարգավաճում է, ապացույցը անզեն աչքով երևում է՝ կանաչ գոտիներ, հանգստի վայրեր, որակյալ ասֆալտապատ ճանապարհներ ու հետիոտների համար քայլելու վայրեր, ու էդ ամենը, գիտենք, որ քաղաքապետի ու ՀՀ կառավարության համագործակցության արդյունքն է ու Կառավարության ֆինանսավորմամբ ու սուբվենցիոն ծրագրերով է, որ աշխատանքներն ի օգուտ աշտարակցու է արվում, բայց մեզ ասացին, որ քաղաքապետը լիազորություններ չունի այդ գործողությունները դադարեցնելու, բայց ոչինչ, մենք հավատում ենք մեր քաղաքապետին ու վստահ ենք, որ նա կկանգնի բնակչի թիկունքին ու պատրաստվում ենք հենց այսօր էլ դիմել նրան:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ բնակիչներին «Յուքոմ»-ից նաև ասել են, թե իրենք արևային մարտկոց են տեղադրել, մինչդեռ փաստն այլ բան է հուշում, որ այս դեպքում էլ «Յուքոմ» ընկերությունը բնակիչներին փորձել է մոլորեցնել»:
Խնդրի վերաբերյալ պարզաբանում էինք ստացել Արագածոտնի մարզպետարանից, որը ներկայացնում ենք ստորև.
Հարգելի՛ գործընկեր, ի պատասխան Ձեր հրապարակմանը, ներկայացնում ենք պարզաբանում՝ կցելով համապատասխան փաստաթղթերը։
«Լարված իրավիճակ՝ Աշտարակում. մեծ թվով բնակիչներ, դպրոցի աշխատակիցներ ու սաների ծնողներ պահանջում են «Յուքոմ»-ից հեռացնել տանիքին տեղադրված, վտանգավոր, գերհզոր ալեհավաքը. «Մենք չենք ուզում ճառագայթի տակ ընկնել»» վերտառությամբ հրապարակմանն արձագանքելով՝ նշում ենք, որ սույնով դուք ապատեղեկատվություն եք տարածել և արհեստական խուճապ առաջացրել Աշտարակի բնակիչների շրջանում։
Նախ նշենք, որ ըստ ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացության, տվյալ ալեհավաքի աշխատանքը շուրջօրյա ազդեցության դեպքում վտանգ չի ներկայացնում մարդու առողջության համար (մասնագիտական պարզաբանումը՝ կից):
Ինչ վերաբերում է Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան թիվ 4-րդ հիմնական դպրոցին կից շենքի տանիքին «Յուքոմ» ընկերության ալեհավաքի տեղադրմանը, հայտնում ենք, որ համապատասխան թույլտվությունը տրվել է ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից, քանի որ տվյալ շինությունը գտնվում է նրա ենթակայության ներքո ( համապատասխան փաստաթուղթը ևս կցում ենք)։
Ամփոփելով, նշենք նաև, որ Արագածոտնի մարզպետի աշխատակազմը քաղաքացիներից գրավոր դիմում հարցի առնչությամբ չի ստացել, եղել է մեկ քաղաքացու կողմից մեկ հեռախոսազանգ, որին ի պատասխան տրվել է բանավոր պարզաբանում։
Կոչ ենք անում նմանօրինակ հրապարակումներից առաջ լսել նաև պաշտոնական պարզաբանում և զերծ մնալ անհարկի որակումներից և խուճապային տրամադրություններ ստեղծելուց։
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԱՄՈՒԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՆԱՆԵ ԱՎԱՆԵՍՅԱՆ
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի



