211652_close_icon

Արաբկիրում նշվեց Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռի ուխտի օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1933 դիտում article-date 18:33 16-12-2025
2003 թվականից, Երևանի Արաբկիր վարչական շրջանի այգուց դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող, աղբով լեցուն, անբարեկարգ տարածքում, տեղի բնակիչ Արամ Մարգարյանի նախաձեռնությամբ, նրա ընկերների, բարեկամների և հարևանների աջակցությամբ, սկսվեց տարիներ տևող համառ պայքարը, որի արդյունքում տարածը վերածվեց գեղեցիկ ուխտատեղիի և կառուցվեց փոքրիկ մատուռ։

2017 թվականի դեկտեմբերի 16-ին, տեղի ունեցավ մատուռի պաշտոնական բացման և անվանակոչության արարողությունը, և այն կոչվեց Սուրբ Մարիամ Աստվածածին։

Անցել է արդեն 8 տարի, և մատուռը վերածվել է ողջ քաղաքի բնակիչների, հատկապես երիտասարդների կողմից շատ սիրված ու ճանաչված ուխտատեղիի։

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռի ուխտի օրն է։

Տեղի բնակիչներն ու մատուռի ստեղծման աջակից-նախաձեռնողները ևս մեկ անգամ վաղ առավոտվանից միաբանվել էին այն տոնելու համար։ Մատուռ ժամանեց նաև ԱՀԹ Արաբկիրի Սբ. Խաչ եկեղեցու ծիսակատար քահանա Տեր Պարթև քահանա Մուրադյանը, ում կողմից աղոթ բարձրացվեց ննջեցյալների և հատկապես մատուռի ստեղծման նախաձեռնության հեղինակ Արամ Մարգարյանի հոգու խաղաղության համար։

Ուխտի այս օրը մարդիկ բարձրանում են մատուռ՝ ոչ միայն խնդրանքով, այլև շնորհակալությամբ՝ լսված աղոթքների, պահպանված ընտանիքների, կատարված խնդրանքների, մխիթարված սրտերի համար, որոնց վկայությունն են տեղադրվող նոր խաչքարերը։

Սուրբ Մարիամը հավատքի խոնարհության, մայրական սիրո և անսահման վստահության խորհրդանիշն է, ով աշխարհին պարգևեց Փրկչին։ Նա այն Մայրն է, ով լուռ կրեց ցավը, բայց երբեք չկորցրեց հույսը, ով իր սրտում պահեց Աստծու խոսքը և մնաց հավատարիմ հավիտյան։

Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+

Նմանատիպ նյութեր