211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Սասունիկ բնակավայրում. բնակելի 5 շենքերի տանիքների վերանորոգման ավարտը չի երևում, անձրևաջրերն էլ լցվում են մարդկանց տներ, իսկ շենքերը դառնում են վթարային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count595 դիտում article-date 16:20 09-12-2025
Մոտ 1 ամսից ավելի է՝ Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի Սասունիկ բնակավայրի 33-րդ փողոցում 5 բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքների վերջը չի երևում: 

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները իրենց վրդովմունքն էին հասցեագրում պատկան մարմիններին, ասելով. 
 
«3-4 շաբաթ առաջ էր՝ ինչ-որ մարդիկ եկան ու ասացին, որ շենքերի տանիքները վերանորոգելու են, ինչի արդյունքում բնակիչներն ապահոված կլինեն ու անձնրևաջրերը չեն լցվի տներ: 
 
Արդեն 4-րդ շաբաթն է՝ դեռ չեն ավարտել ու անկեղծ՝ չգիտենք էլ՝ երբ սրա ավարտական՝ ինչպես իրենք են ասում՝ ակտը պատրաստ կլինի:
 
Անձրևաջրերը լցվում են տներ ու ամբողջ սենյակներում պատերը արդեն խոնավությունից բորբոսնել են, չգիտենք՝ էլ ում դիմենք: 
 
Մեր բնակավայրի ղեկավարը էդքան ֆինանսներ չունի, ուզում ենք դիմել Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանին, ով ինչքան Աշտարակն է շենացնում, գոնե մեզ էլ լավ աչքով նայի, իսկ մենք շատ բան չենք խնդրում՝ էս տանիքները շատ արագ վերանորոգեն, որովհետև հիմա համ անձրևներն են հաճախակիացել, համ էլ արդեն ձմեռ է»: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խնդրի մասին Աշտարակի քաղաքապետը տեղեկացված է և մարզպետի հետ դիմել են արդեն Կառավարությանը, որպեսզի արտահերթ սուբվենցիոն ծրագրով Աշտարակի քաղաքապետարանը կարողանա գործը ավարտին հասցնել: 
 
Ընդհանուր բոլոր շենքերի տանիքները գտնվում են անմխիթար վիճակում և օր առաջ տանիքները ոչ թե պետք է տոլապատվեն, այլ հիմնանորոգվեն, նույնիսկ կառուցվեն թիթեղյա ծածկեր: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր