211652_close_icon

Պերուի նախկին նախագահը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման

views-count541 դիտում article-date 23:47 26-11-2025
Պերուում դատարանը նախկին նախագահ Մարտին Վիսկարային կոռուպցիայի գործով դատապարտել է 14 տարվա ազատազրկման: Լսումները հեռարձակվել են RPP ռադիոկայանով:

Վիսկարան դատապարտվել է ութ տարվա ազատազրկման մեղադրանքի մեկ դրվագով և վեց տարվա՝ մեկ այլ մեղադրանքի դրվագով: «Հաշվի առնելով հանցագործությունների համակցությունը՝ ընդհանուր պատիժը կազմում է 14 տարի: Պատիժը պետք է լինի իրական և ենթակա է անհապաղ կատարման»,- դատավճիռը հրապարակելիս հայտարարել է դատավորը:

Ինքը՝ Վիսկարան սուր քննադատության է ենթարկել դատարանի որոշումը՝ այն դատական ​​համակարգի խայտառակություն որակելով: «Ինձ դատապարտում են մաֆիոզ դավադրությանը հակազդելու համար»,- դատավճռից հետո գրել է նախկին նախագահը X-ում:

Քննիչները պնդում են, որ Մոկեգուա դեպարտամենտի նահանգապետի պաշտոնավարման ընթացքում (2011–2014 թվականներ) նա կաշառք է ստացել տարբեր նախագծերի մրցույթներ անցկացնող ընկերություններից: Վիսկարան հերքում է մեղադրանքները:

Վիսկարրան նախագահի պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի մարտին՝ Պեդրո Պաբլո Կուչինսկու հրաժարականից հետո: Սակայն 2020 թվականի նոյեմբերին Պերուի Կոնգրեսը քվեարկել է նրան պաշտոնանկ անելու օգտին՝ նրան «բարոյապես անգործունակ» ճանաչելով՝ Մոկեգուայում կոռուպցիոն սխեմաներին նրա հնարավոր ներգրավվածության մասին հաղորդագրությունների ֆոնին։

Նմանատիպ նյութեր