211652_close_icon

ՔԿՀ-ներում մահվան յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ պետք է իրականացվի բազմակողմանի, օբյեկտիվ քննություն. հայտարարություն

views-count3157 դիտում article-date 16:11 24-11-2025
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Դիտորդական խումբը խորագույն մտահոգությամբ արձանագրում է վերջին շրջանում ՀՀ քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցած ազատազրկված անձանց մահվան դեպքերը։ Յուրաքանչյուր նման դեպք խիստ զգայուն է ոչ միայն մարդկային և բարոյական տեսանկյունից, այլև պետական հաստատությունների նկատմամբ հանրային վստահության, քրեակատարողական համակարգի արդյունավետության և օրինականության ապահովման տեսանկյունից։

Դիտորդական խումբը շեշտում է, որ ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածը, Եվրոպական Մարդու Իրավունքների Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածները, ինչպես նաև «Քրեակատարողական օրենսգիրքը» պարտադրում են պետությանը ապահովել ազատազրկված անձանց կյանքի, առողջության, անվտանգության և արժանապատվության պաշտպանությունը։ Այս իրավական պարտավորությունները ուժի մեջ են անկախ անձի կարգավիճակից, մեղադրանքից կամ դատավճռից։ Դիտորդական խումբը կարևոր է համարում հետևյալ քայլերի իրականացումը. 1. Անկախ, անաչառ ու ողջամիտ ժամկետում քննություն Մահվան յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ պետք է իրականացվի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն՝ ՄԻԵԴ-ի դատական պրակտիկայի պահանջներին համապատասխան։

2. Թափանցիկ տեղեկատվության ապահովում Հասարակությանը և մահացած անձանց ընտանիքներին պետք է տրամադրվի պաշտոնական, հավաստի և ամբողջական տեղեկատվություն՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջներին համապատասխան։

3. Քրեակատարողական հիմնարկների առողջապահական համակարգի վերանայում Պետք է ապահովվի բուժծառայությունների որակի վերահսկողություն՝ համահունչ ՄԱԿ-ի «Նելսոն Մանդելայի կանոններին»։

4. Պատասխանատվության միջոցների կիրառման գնահատում Հարկ է դիտարկել կարգապահական կամ այլ իրավական պատասխանատվության միջոցներ՝ այն դեպքերում, երբ արձանագրվում են ծառայողական պարտականությունների խախտումներ կամ անփութություն։

Հասարակական դիտորդական խումբը, իր մանդատից բխող հասարակական վերահսկողության շրջանակում, վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակել մոնիթորինգը քրեակատարողական հիմնարկներում, հավաքագրել օբյեկտիվ տվյալներ և համագործակցել համապատասխան պետական մարմինների, ինչպես նաև տեղական ու միջազգային գործընկերների հետ՝ նպաստելով քննության գործընթացի թափանցիկ, իրավաչափ և արդյունավետ իրականացմանը։

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՈՒՄԲ

Նմանատիպ նյութեր