211652_close_icon

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի գլխավորած պատվիրակությանը

views-count574 դիտում article-date 19:03 20-10-2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորումին» մասնակցելու նպատակով:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է գործընկերոջը՝ կարևորելով Հայաստան-Վրաստան բարեկամական համագործակցությունը՝ կրթության, գիտության և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները զարգացնելու և ընդլայնելու տեսանկյունից

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ հանդիպումը համագործակցության նոր հնարավորությունների խթան կհանդիսանա:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանում կրթության ոլորտը բարեփոխումների ակտիվ փուլում է գտնվում, և շատ կարևոր է փորձի փոխանակումը հանրակրթության չափորոշիչների և կրթական ծրագրի մշակման, ուսումնական գրականության պատրաստման, ուսուցիչների կարողությունների հզորացման, ինչպես նաև բարձրագույն կրթության և գիտության համակարգում:

Կողմերն անդրադարձել են Վրաստանի հայալեզու դպրոցներին հայոց լեզվի և գրականության դասագրքերով ապահովմանը, Հայաստանի դպրոցներում վրացերենի՝ որպես օտար լեզվի ուսուցմանը: Կարևորվել է փոխհամագործակցության զարգացումը հատկապես բարձրագույն կրթության և գիտության ոլորտում՝ մասնավորապես ԵՄ Erasmus+ ծրագրի շրջանակում: Կողմերն անդրադարձել են տեխնոլոգիական կրթության զարգացմանն ուղղված քաղաքականությանն ու տարվող աշխատանքներին՝ ընդգծելով, որ այն երկու երկրներում էլ առաջնահերթություն է: Այս համատեքստում կարևորվել է Հայաստանում և Վրաստանում «Թումո» կենտրոնների և «Արմաթ» լաբորատորիաների հիմնման գործընթացը՝ որպես ոլորտի խթանում:

Կողմերը քննարկել են նաև Հայաստանում և Վրաստանում երիտասարդական համաժողովների անցկացումը՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները նպաստում են երկու երկրների երիտասարդների միջև երկխոսության և համագործակցության ամրապնդմանը, նոր նախաձեռնությունների իրականացմանը և բարեկամական կապերի խորացմանը։ Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է երիտասարդական կենտրոններ հիմնելու Հայաստանի փորձը՝ կարևորելով նաև երիտասարդների ներուժի բացահայտմանն ու զարգացմանն ուղղված պետական ծրագրերը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ մի շարք այլ հարցեր: 

Նմանատիպ նյութեր