211652_close_icon

Ինժեներական քաղաքում բացվեց «Լեգենդների փառքի արահետ»-ը

views-count685 դիտում article-date 18:57 16-10-2025
Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հրավերով Ինժեներական քաղաք այցելեց բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 16-րդ դափնեկիր, «Analog Devices Inc.» ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն իր ելույթում նշեց, որ «Գլոբալ ՏՏ մրցանակի» դափնեկիր Վինսենթ Ռոշը հրավիրվել է մի վայր, որտեղ կարող է տեսնել, թե ինչպես են տվյալ բնագավառի հայ մասնագետներն ու պատասխանատուները տեսնում Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ապագան, ինչպես են երազում, ինչ ձև ունի այդ երազանքը, որով էլ պատրաստվում են կիսվել հարգարժան հյուրի հետ։
 
«Այստեղ մենք նախկինում էլ ունեցել ենք որոշ երազանքներ, որոնք արդեն իրականացել են։ Մեզ համար կարևոր են նաև ապագա ծրագրերը, ուստի ցանկանում ենք դրանք քննարկել Ձեզ հետ։ Ինժեներական քաղաքում կունենանք աստղերի ծառուղի՝ նվիրված բոլոր նրանց, ովքեր դարձել են «Գլոբալ ՏՏ մրցանակ»-ի դափնեկիր։ Շատ խորհրդանշական է, որ մենք սկսում ենք Ձեզանից։ Մենք նաև կանդրադառնանք անցյալին, կտեղադրենք նախորդ հաղթողների աստղերը։ Այս պահը խորհրդանշելու համար կխնդրեինք Ձեզ տնկել Ձեր ծառը, որը կխորհրդանշի մեր կապը Ձեզ հետ, ինչպես նաև մեր տեխնոլոգիական ոլորտի, մեր ազգի և երկրի հետ»,- ասաց Հայրապետյանը՝ դիմելով Վինսենթ Ռոշին։ 

Վինսենթ Ռոշն իր հերթին նշեց, որ անչափ տպավորված է հայ մասնագետների ոգով և վճռականությամբ, ինչը բնորոշ է ողջ հայ ժողովրդին։ 

«Ես հիշում եմ 1970-80-ական թվականները, երբ Իռլանդիան լիարժեքորեն մտավ զարգացման ուղի՝ դուրս գալով հիմնականում գյուղատնտեսության վրա հիմնված տնտեսությունից։ Այդ ժամանակ էլ ի հայտ եկավ համակարգչային արդյունաբերությունը։ Իռլանդիան, բարեբախտաբար, հյուրընկալեց բազմաթիվ սփյուռքահայերի, որոնք իրենց կյանքն ու ճակատագիրը կապեցին Իռլանդիայի հետ։ Իռլանդիան զգաց, որ այս համակարգչային հեղափոխության մեջ ինչ-որ յուրահատուկ բան է տեղի ունենալու, ուստի սկսեց կրթության լայնածավալ գործընթաց, որը զուգորդվեց Արդյունաբերական զարգացման վարչության ձևավորմամբ, ինչն էլ դարձավ Իռլանդիայի ապագային միտված երկարաժամկետ ռազմավարության հարթակ»,- ասաց Ռոշը։
Նա հավելեց, որ այս ժամանակահատվածը Հայաստանում դիտարկում է որպես մի կարևոր փուլ, որը թույլ կտա հայ մասնագետներին զարգացնել երկարամյա ժառանգությունը գիտության, մասնավորապես մաթեմատիկայի, կիրառական ֆիզիկայի, ավիացիոն տեխնիկայի ոլորտներում և լուծումներ գտնել իսկապես բարդ ֆիզիկական խնդիրների համար: 

«Այստեղ դուք սկսում եք ձեր գործունեությունը շատ ավելի ուժեղ դիրքերում, քան մենք Իռլանդիայում, քանի որ ունեք տեխնոլոգիայի և գիտության պատմություն: Այս պահին մենք գտնվում ենք տեխնոլոգիաների աշխարհում նոր դարաշրջանի շեմին։ Եվ դա այն դարաշրջանն է, որը հնարավոր է դառնում արհեստական ​​բանականության շնորհիվ։ Եվ այն կթափանցի ֆիզիկայի, կենսաբանության և քիմիայի աշխարհներ։

Կարծում եմ՝ դուք մեծ հնարավորություններ ունեք ֆիզիկական տվյալների, ֆիզիկական ինտելեկտի աշխարհում, որը հիմնված է կիրառական գիտելիքի վրա և օգտագործում է տեխնոլոգիաների աշխարհում գոյություն ունեցող բոլոր գործիքները՝ դրանք համատեղելով նորարարական գաղափարների և արհեստական ​​բանականության հետ։ Օգտվեք դրանից։ Եղեք հավակնոտ։ Մի՛ նայեք հետ»,- ասաց «Analog Devices Inc.» ընկերության գործադիր տնօրենը և տնօրենների խորհրդի նախագահը։ 
Վինսենթ Ռոշը Մխիթար Հայրապետյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց Ինժեներական քաղաքում, ինչից հետո մասնակցեց «Լեգենդների փառքի արահետ»-ի բացմանը։ 

Նմանատիպ նյութեր