211652_close_icon

Սա մեծ փորձ է և մենք ճիշտ ճանապարհի վրա ենք․ կարևորը ոգին պահելն է, միասին լինելը և շարժվել առաջ․ Եղիշե Մելիքյան

views-count481 դիտում article-date 09:51 15-10-2025
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը արտագնա խաղում նվազագույն հաշվով զիջեց Իռլանդիայի հավաքականին (0:1):

Խաղից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

«Այո, կարմիր քարտը ջարդեց մեր խաղը, բայց դա իմ ֆուտբոլիստի սխալն է, նշանակում է՝ իմ սխալն է: Իմ ֆուտբոլիստների հետ կապված ինչ պատահում է, ես որպես գլխավոր մարզիչ ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը և ներողություն եմ խնդրում: Մեր երկրպագուն մեզնից ակնկալում էր միավորներ, իսկ մենք այս երկու խաղում չկարողացանք դրանք վաստակել ինչ-ինչ պատճառներով: Ներողություն եմ խնդրում, բայց ամեն դեպքում հպարտ եմ իմ թիմի համար:

Խաղից հետո Տիգրան Բարսեղյանի հետ չեմ խոսել, խոսել եմ ընդհանուր թիմի հետ, շնորհակալություն եմ հայտնել իրենց նվիրվածության, պայքարի, միասնության համար: Նեգատիվ հարցերի շուրջ մենք կունենանք ժամանակ վերլուծելու և խոսելու: Այս պահին պետք է միասին լինել, ընդունել պարտությունը տղամարդավարի և շնորհավորել մրցակցին:

Շատ լավ պատրաստվել էինք, խաղից առաջ գիտեինք, որ մրցակցի մարզիչը կփոխի սխեման: Մենք հասցրինք արձագանքել, գտնել հակաթույնը: Վստահ եմ, որ մենք կարող էինք հաջողության հասնել 11-ը 11-ի դեմ, բայց երբ մնացինք 10 հոգով ես չվախեցա գնալ վա-բանկ և փոխեցի սխեման: Խաղի ընթացքում երեք անգամ փոխել եմ սխեման, ցանկանում էի իմ թիմին ինչ-որ մի բանով օգնել, մոտ էինք, որ արդյունքը լիներ այլ:

Բայց սա մեծ փորձ է և մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Կարևորը ոգին պահելն է, միասին լինելը և շարժվել առաջ»,- նշել է Մելիքյանը:

Այսպիսով, այս խաղից հետո Իռլանդիան տարավ իր առաջին հաղթանակը ընթացիկ որակավորման մրցաշարում: Հայաստանի հավաքականը 3 միավորով եզրափակում է F խումբը:

Մեր ընտրանին իր վերջին երկու հանդիպումները կանցկացնի նոյեմբերի 13-ին և 16-ին` համապատասխանաբար Հունգարիայի և Պորտուգալիայի հավաքականների հետ:

Նմանատիպ նյութեր