211652_close_icon

Նախարար Համբարձում Մաթևոսյանն Աբու Դաբիում մասնակցել է բարձր մակարդակի համաժողովի

views-count523 դիտում article-date 15:02 12-10-2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն Աբու Դաբիում մասնակցել է «Մեկ առողջություն․ մարդկանց, կենդանիների և էկոհամակարգերի միակ առողջ ապագան» խորագրով բարձր մակարդակի համաժողովին։

Համաժողովը համախմբել էր կառավարությունների, ՄԱԿ-ի գործակալությունների, ֆինանսական հաստատությունների ու քաղաքացիական հասարակության առաջնորդներին՝ միասին առաջ մղելու OneHealth սկզբունքը՝ բնապահպանական քաղաքականության և գործողությունների շրջանակում։

Իր ելույթում նախարարը ներկայացրել է, թե ինչպես է Հայաստանը կիրառում այս մոտեցումը պետական քաղաքականության և ինստիտուցիոնալ մակարդակներում։
«Մենք վստահ ենք՝ մարդկանց առողջությունը անբաժան է բնության առողջությունից։
Ահա թե ինչու մեր Ազգային առողջապահական անվտանգության ռազմավարությունը (2023–2026) կառուցված է հենց այս սկզբունքի վրա՝ ապահովելով համագործակցություն միջգերատեսչական մակարդակով՝ առողջապահություն շրջակա միջավայր։

Միաժամանակ, Շրջակա միջավայրի նախարարությունը One Health-ի սկզբունքը ներառում է նաև կենսաբազմազանության և կլիմայական քաղաքականության մեջ։

Իսկ մեր NDC 3.0 փաստաթուղթը՝ Փարիզյան համաձայնագրի ներքո, կապում է կլիմայական հարմարվողականությունը առողջապահական ռիսկերի կանխարգելման հետ»,-նշել է նախարարը:

Նախարարը շեշտել է նաև, որ առաջիկա COP17 համաժողովը Երևանում լինելու է բացառիկ հնարավորություն՝ One Health մոտեցումը խորացնելու և միջազգային գործընկերների հետ համատեղ նոր նախաձեռնություններ ձևավորելու համար։

«Վստահ եմ՝ եթե գիտությունը, քաղաքականությունը և հանրային մասնակցությունը քայլեն միասին, ապա կարող ենք ձևավորել իսկապես առողջ ապագա՝ մարդկանց, կենդանիների ու բնության համար»,- իր խոսքը եզրափակել է Համբարձում Մաթևոսյանը:

Նմանատիպ նյութեր