211652_close_icon

Շիրակի մարզպետարանը դատապարտում է Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջի գործունեությունը

views-count715 դիտում article-date 22:41 09-10-2025

Հաշվի առնելով վերջին օրերին Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջի տարատեսակ մեկնաբանությունների թեմա դարձած հրապարակումները՝ Շիրակի մարզպետի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Պետական մարմինները, այդ թվում և Գյումրու համայնքապետարանը պարտավոր են պաշտոնական կայքում, այդ թվում և սոցիալական պաշտոնական հարթակներում հրապարակել իրենց գործունեության մասին տեղեկատվություն, տեղեկատվությունը պետք է լինի արդիական, հավաստի, ամբողջական և անվճար:

Պետական մարմինները սահմանում են պաշտոնական կայքում տեղադրվող տեղեկատվության բովանդակությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1521-Ն որոշմանը համապատասխան: 

Այնինչ Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայքում մարմնի գործունեության մասին տեղեկատվության չթարմացմանն ու անհրաժեշտ այլ տեղեկությունների հրապարակման հապաղմանը զուգընթաց, համայնքապետարանը «Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջ» ֆեյսբուքյան էջն օգտագործում է որպես անձնական հարաբերությունների պարզաբանման ու քաղաքական գրագրությունների հարթակ, ինչն ինքնին անհարգալից վերաբերմունք է գյումրեցիների նկատմամբ, ովքեր ակնկալում են համայնքապետարանի էջում տեսնել արված աշխատանքի մասին տեղեկատվություն։

Պետական մարմնի կողմից մշակվող և հանրային քննարկմանը ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի և դրանց հիմնավորումների, պետական մարմնի գործունեության վերաբերյալ հաշվետվությունների, զեկույցների և այլ տեղեկատվական հոդվածների, այցելությունների ու խնդիրների լուծման մասին հրապարակումների փոխարեն, Գյումրու համայնքապետարանը ֆեյսբուքյան էջն օգտագործում է պետական պաշտոնյաներին վարկաբեկելու, անհարիր մեկնաբանություններ ու որակումներ հրապարակելու նպատակով։
Պետական մարմնի գործունեության ճիշտ լուսաբանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ դատապարտում ենք նման գործելաոճը և հորդորում ենք զերծ մնալ նմանօրինակ հրապարակումներից, իսկ ազատ խոսքի իրավունքն իրացնել անձնական հարթակներում»։
 

Նմանատիպ նյութեր