211652_close_icon

Հայաստանը 2026թ․ կդառնա գլոբալ բնապահպանական օրակարգի կենտրոն․ Համբարձում Մաթևոսյան

views-count496 դիտում article-date 19:30 27-09-2025
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարությունը ստորագրել են համաձայնագիր, որով Հայաստանը ստանձնում է 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը հյուրընկալել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի տասնյոթերորդ, Կարթագենյան արձանագրության կողմերի համաժողովի քսաներորդ և Նագոյայի արձանագրության կողմերի համաժողովի վեցերորդ հանդիպումները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Սա իրավական պարտավորություն է, որով ամրագրվում է Հայաստանի պատրաստակամությունը և պատասխանատվությունը համաժողովի կազմակերպման հարցում։ Համաձայնագրով Հայաստանը պարտավորվում է ապահովել համաժողովի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, անվտանգությունն ու կազմակերպչական աջակցությունը։ Այս դրույթները կոչված են երաշխավորելու միջոցառման բարձր մակարդակով անցկացումը և ամուր հիմք ստեղծելու պետության և ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության արդյունավետ համագործակցության համար»,- նշել է Մաթևոսյանը։

Փաստաթուղթը հստակ սահմանում է երկու կողմերի՝ Հայաստանի կառավարության և Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի քարտուղարության դերերն ու պարտականությունները՝ հնարավորություն ընձեռելով ապահովելու միջազգային ամենախոշոր բնապահպանական համաժողովի սահուն իրականացումը։

«COP17-ը համախմբելու է տասնյակ երկրների ղեկավարների, նախարարների, գիտնականների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։ Հայաստանի հյուրընկալումը մեր երկրին հնարավորություն կտա աշխարհին ներկայացնել ոչ միայն իր հարուստ կենսաբազմազանությունն ու բնության պահպանության նախաձեռնությունները, այլև իր կարողությունները որպես միջազգային կարևոր միջոցառումների վստահելի կազմակերպիչ։ 2026 թվականին Հայաստանը կդառնա գլոբալ բնապահպանական օրակարգի կենտրոն՝ ստեղծելով նոր հարթակ միջազգային կապերի ամրապնդման և համատեղ նախաձեռնությունների առաջխաղացման համար»,- ընդգծել է նախարարը։

COP-17 համաժողովը Հայաստանում կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը:
 

Նմանատիպ նյութեր