211652_close_icon

Որևէ կասկած չունեմ, որ այս սպանությունը կապված է Վալոդյայի հանրային գործունեության հետ. Չալաբյան

views-count1963 դիտում article-date 11:34 24-09-2025
Առավոտը բացվեց ծանր գույժով՝ իր տան դիմաց կրակահերթից սպանվել է Փարաքարի համայնքապետ, մեր լավ գործընկեր, հարգված ու սիրված մարդ և հանրային գործիչ Վալոդյա Գրիգորյանը, տեղում սպանվել է նաև նրա ընկերներից մեկը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաքվե» ազգային–քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Թեև հանցագործների մասին որևէ տեղեկություն դեռևս չկա, որևէ կասկած չունեմ, որ այս սպանությունը կապված է Վալոդյայի հանրային գործունեության հետ:

Խստորեն դատապարտում եմ այս նենգ սպանությունը և պահանջում եմ իրավապահ մարմիններից՝ բացահայտել բոլոր կատարողներին և պատվիրատուներին:

Մինչ այդ, խորապես ցավակցում եմ Վալոդյայի ընտանիքին և ընկերներին, այս ծանր և անժամանակ կորստի համար: Աստված թող լուսավորի Վալոդյայի հոգին»։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, կրակոցներ ու սպանություններ են տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ: 

Ոստիկանները Մերձավան վարչական բնակավայրի Երևանյան խճուղում հայտնաբերել էին արնանման հետքեր, կրակված պարկուճներ, գլխարկ, կոշիկ, բջջային հեռախոս և «Nissan» մակնիշի ավտոմեքենա, որի վրա կա կրակոցի հետք: 

Կրակոցների հետևանքով հիվանդանոցում մահացել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության օպերլիազորը: Կա մեկ վիրավոր: 
 
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» և «սպանության փորձ»-ի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր