211652_close_icon

Սիմոնյանի հետ խնդիր չունեմ և չեմ կարող ունենալ. Քննիչ հանձնաժողովի զեկույցը պետք է ունենա հետևանքներ. Անդրանիկ Քոչարյան

views-count1153 դիտում article-date 13:23 22-09-2025
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ է և արդեն փոխանցվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

«Գլխավորն այն է՝ ունենք զեկույց, և շատ կարևոր է այն ներկայացնել լիագումար նիստին։

Զեկույցը պետք է ունենա հետևանք, որպեսզի դասեր քաղենք այն իրողություններից, որոնց մենք առնչվեցինք 44-օրյա պատերազմի ընթացքում», - ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով, քննիչ հանձնաժողովը գործել է օրենքի շրջանակում․ «Քննիչ հանձնաժողովը իր զեկույցը ուղարկել է ԱԺ նախագահին՝ Կանոնակարգ օրենքի 25-րդ և 26-րդ հոդվածների պահանջով։Հիմա որոշները փորձում են ներկայացնել, թե մենք ժամկետ ենք խախտել, բայց դա թյուր պատկերացում է»։

Քոչարյանը հատուկ ընդգծեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ որևէ խնդիր չունի․ «Ես պարոն Սիմոնյանի հետ խնդիր չունեմ և չեմ կարող ունենալ։ Պարոն Սիմոնյանը ԱԺ նախագահն է, ես՝ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ։ Մեր հարաբերությունները, բացի ընկերականից, ունեն խիստ գործընկերային բնույթ, որը բխում է Կանոնակարգ օրենքից»։

Նա հորդորեց խարդավանքներ չփնտրել․ «Այստեղ խարդավանքներ մի փորձեք ման գալ․ արդեն բազմաթիվ փորձեր եղել են և միշտ անհաջողությամբ են ավարտվել»։

Քոչարյանը հավելեց, որ զեկույցի եզրակացությունը ներառում է ավելի քան 20 էջ, իսկ ամբողջ փաստաթուղթը շատ ավելի ծավալուն է․ «Դրանք խիստ գաղտնիության պահանջով օժտված փաստաթղթեր են՝ ձայնագրություններով, որոնք կպահվեն համապատասխան գաղտնի բաժնում»։

Հարցին՝ ինչ հետևանքներ կարող են լինել, նա պատասխանեց․ «Հետևանքներ հիմա էլ կան։ Ձեզ համար գաղտնիք չէ, որ քննչական մարմինները բազմաթիվ գործեր են քննում՝ սկսած պաշտպանության բանակի հրամանատարից մինչև տարբեր զորքերի պատասխանատուներ։ Եթե ակնկալում եք կալանքներ կամ պաշտոնանկություններ, ամեն ինչ իր հերթին կլինի։ Գլխավորն այն է, որ զեկույցը տալիս է շատ հարցերի պատասխան և ամբողջացնում է այն ամենը, ինչը հնարավոր էր ամբողջացնել խորհրդարանական այս գործիքի միջոցով»։

Քոչարյանը շեշտեց, որ ժամկետների խախտում չի արձանագրվել, քանի որ սահմանված ժամկետը վերաբերում էր փաստերի հավաքագրմանը, որը կատարվել է օրենքի պահանջներին համապատասխան։

Նմանատիպ նյութեր