211652_close_icon

Հայաստանն ու Իրանը քննարկել են փոխադարձաբար մշակույթի օրեր անցկացնելու հնարավորությունը

views-count328 դիտում article-date 14:55 08-09-2025
Իրանի կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Աբբաս Սալեհի Օմիդին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, ԻԻՀ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը, ինչպես նաև պատվիրակության այլ անդամներ։

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել իրանական կողմին ջերմ ընդունելության համար, կարևորել երկու երկրների միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով նաև մշակույթի ոլորտում փոխգործակցության լայն ներուժը։

Կողմերը քննարկել են նաև Հայաստանում Իրանի մշակույթի օրեր և Իրանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելու հնարավորությունը։

Հատուկ ուշադրություն է դարձվել կինոոլորտին, մասնավորապես՝ «Ոսկե ծիրան» և «Ֆաջր» կինոփառատոների միջև հաստատված հաջող համագործակցության շարունակմանը։ Նշվել է, որ Իրանում տեղի է ունեցել անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ֆիլմի ցուցադրությունը:

Նախարարները կարևորել են նաև գրավոր ժառանգության և գրականության ոլորտում համագործակցությունը։ Ընդգծվել է Մատենադարանի և Իրանի գրավոր ժառանգության ուսումնասիրության կենտրոնի արդյունավետ գործակցությունը։

Հանդիպման ավարտին նախարար Ժաննա Անդրեասյանը Աբբաս Սալեհի Օմիդին հրավիրել է Հայաստան՝ շարունակելու կառուցողական երկխոսությունն ու խթանելու Հայաստանի և Իրանի միջև մշակութային համագործակցությունը։

Նմանատիպ նյութեր