211652_close_icon
views-count4834 դիտում article-date 18:22 15-08-2016

Անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր` Գերմանիայում և Գերմանիայի մշակույթի օրեր` Հայաստանում

1998 թվականից ի վեր` «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի, կրթության նախարարության միջև գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում հե­տա­գա համագործակցության մասին» պարբերաբար ստորագրվող եռակողմ փոխըմբռնման hուշագրերի շրջանակներում ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հետ ակտիվ համագործակցություն է իրականացվում: Համագործակցության շրջանակներում փոխադարձաբար անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր` Գերմանիայում և Գերմանիայի մշակույթի օրեր` Հայաստանում: Մինչ այժմ, Հայաստանում Գերմանիայի մշակույթի օրեր են անցկացվել 2005, 2007, 2009 և 2015 թվականներին: 2015 թվականի սեպտեմբերի 22-27-ը, Հայաստանում Գերմանիայի մշակույթի օրերի շրջանակում կայացել է «Պատկերներ մի երկրից. Արևելագերմանական լուսանկար­չությունը 1945-1995 թթ.» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը և «Վոկալ Մոդեռն» երգչախմբի (գեղարվեստական ղեկավար` Քրիստֆ­րիդ Բրոյդել, ծրագրի ղեկավար` Թոմաս Բուխհոլց) համերգները Երևանում և Չարեն­ցա­վանում: Հայաստանի մշակույթի օրեր Գերմանիայում անցկացվել են 2004 և 2014 թվականներին: Վերջինիս ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թվականին Հայաստանի մշակույթի օրերն անցկացնել Բեռլինի Եվրոպական մշակույթների թանգարանում: Հայաստանի մշակույթի օրերը կանցկացվեն Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ` օգոստոսի 19-ից նոյեմբերի 6-ը: Մշակույթի օրերի բացման արարողությունը կկայանա օգոստոսի 19-ին, Բեռլինի Եվրոպական մշակույթների թանգարանում, որի ընթացքում ողջյունի խոսքով հանդես կգան Բեռլինի պետական թանգարանների գլխավոր տնօրեն Միխայիլ Այզենհաուերը, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և Եվրոպական մշակույթների թանգարանի տնօրեն Էլիզաբեթ Թիթմայերը: Բացման պաշտոնական արարողությանը կհաջորդի «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ խմբի ելույթը: Մշակույթի օրերի շրջանակներում նախատեսվում է Էրոլ Գուրյանի «Թերա ԱՐՄԵՆԻԱ. հայացք դեպի երազանքների վայրեր» խորագրով ցուցահանդեսը, փարաջանովյան երեկո` նվիրված Ս. Փարաջանովի կյանքին և գործունեությանը: Միջոցառման ընթացքում դասախոսությամբ հանդես կգա Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զ. Սարգսյանը, կցուցադրվի «Նռան գույնը» ֆիլմը: Մշակույթի օրերի հիմնական միջոցառումներից է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի (գեղարվեստական ղեկավար` Տ. Հեքեքյան) համերգը, որը կկայանա Բեռլինի ֆիլհարմոնիկ սրահում և կնվիրվի Հայաստանի անկախության 25-ամյակին: Հավելենք, որ մշակույթի օրերի ծրագրին իրենց մասնակցությունն են բերում գիտնականներ, մշակույթի գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Գերմանացի անվանի մշակութաբանների և արվեստագետների կողմից կներկայացվեն Հայաստանին և նրա բնաշխարհին, հայ եկեղեցու պատմությանը, հայ գրականությանն ու գրատպությանը նվիրված թեմատիկ դասախոսություններ, քննարկումներ, վիրտուալ ցուցադրություններ, գրական ընթերցումներ, ինչպես նաև կլոր սեղան՝ «Հայրենիք–ինքնություն–զգացմունքներ» թեմայով: Մշակույթի օրերի ընթացքում ներկաներին կմատուցվեն հայկական տաք և սառը ուտեստներ: Ծրագիրը կեզրափակվի նոյեմբերի 4-ի համերգով, որին կմասնակցի երգահան Ստեփան Գանտրալյանը: Նշենք նաև, որ 2011 թվականից ի վեր, ամենամյա «Հայ մշակույթի օրեր» են անցկացվում նաև ԳԴՀ Բադեն-Վյուրթենբերգ երկրամասում` Շտուտգարտում:

Նմանատիպ նյութեր