211652_close_icon

Սյունիքում հաջորդ տարի կգործարկվի ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների կշռման նոր անշարժ հենակետ

views-count508 դիտում article-date 13:28 03-09-2025
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնել է Սյունիքի մարզի տարածքով անցնող ՀՀ ընդհանուր օգտագործման Մ-2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 198+000-199+000 կմ ընկած հատվածում ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների կշռման նոր հենակետի շինարարական աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են տեսչական մարմնից:
 
Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության պետի պարտականնությունները կատարող Արամ Աղայանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հիմնանորոգման ծրագրերի կառավարման բաժնի ավագ ինժեներ Էդգար Ֆրանգուլյանի հետ միասին տեղում ծանոթացել են մշակվող ճարտարապետաշինարարական նախագծին, «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊ ընկերության գլխավոր ինժիներ Ռուբեն Առաքելյանի հետ քննարկվել են կշռման նոր հենակետի և հենակետի մոտեցման, մուտքի և ելքի կառուցման մանրամասները և ժամկետները: Մասնավորապես՝ ճարտարապետաշինարարական նախագծի հաստատումից և անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը ստանալուց հետո կմեկնարկեն կշռման անշարժ կայանի բուն շինարարական աշխատանքները։
 
Նախատեսվում է հաջորդ տարի գործարկել միջազգային չափանիշներին համապատասխան, անհրաժեշտ կահավորմամբ և տեխնիկական միջոցներով զինված կշռման նոր անշարժ հենակետը։

Նմանատիպ նյութեր