211652_close_icon
views-count1630 դիտում article-date 13:16 16-11-2026

Տեսչական մարմինը՝ տրանսպորտային միջոցների գազաբալոնային սարքավորումների վկայագրման վերաբերյալ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներին, որ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները ենթակա են պարտադիր պարբերական վկայագրման։

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 26․1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման»։

Միաժամանակ նույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնում են բացառապես «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը։

Գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և պարբերականությունը սահմանված են ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 2011-Ն որոշմամբ։ Նշված որոշման հավելվածի 22-րդ կետի համաձայն՝ գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացվում է հետևյալ պարբերականությամբ՝ լեգիրացված (համաձուլված) պողպատից պատրաստված 1-ին տիպի գազաբալոնների համար՝ 3 տարին մեկ անգամ, եթե առկա է արտադրողի՝ պողպատի լեգիրացված լինելը հավաստող փաստաթուղթ, իսկ դրա բացակայության դեպքում՝ 2 տարին մեկ անգամ, ածխածնային պողպատից պատրաստված 1-ին տիպի, 2-4-րդ տիպերի և հեղուկացված նավթային գազի բալոնների համար՝ 2 տարին մեկ անգամ։

Գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացը ներառում է դրանց տեխնիկական վիճակի ստուգում, համապատասխան փորձարկումների իրականացում, ինչպես նաև գազավառելիքային սնման համակարգի ճնշափորձարկում։

Հարկ է ընդգծել, որ սահմանված ժամկետներում գազաբալոնների պարբերական վկայագրումը չիրականացնելը կարող է վտանգել տրանսպորտային միջոցի անվտանգ շահագործումը՝ հնարավոր վտանգ ստեղծելով ինչպես վարորդի և ուղևորների, այնպես էլ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների համար։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Տեսչական մարմինը հորդորում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներին հետևել գազաբալոնների հերթական վկայագրման ժամկետներին և ժամանակին իրականացնել պարտադիր վկայագրումը՝ օգտվելով բացառապես համապատասխան լիցենզիա ունեցող տնտեսվարող սուբյեկտների ծառայություններից։

Գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնելու համապատասխան լիցենզիա ունեցող տնտեսվարող սուբյեկտների ցանկը հրապարակված է լիազոր մարմնի պաշտոնական կայքում և հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://api.mtad.am/.../14_12-43-sc1065-6aa7b3bdc7337.pdf։

Նմանատիպ նյութեր