211652_close_icon

Տավուշի թեմի պարզաբանումը՝ համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ

views-count967 դիտում article-date 10:45 28-08-2025
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմը պարզաբանում է տարածել, որում ասվում է.

«Օրեր առաջ համացանցում տարածվել է մի տեսանյութ, որով փորձ է արվում ներկայացնել, թե մեր գործող վանքերը գտնվում են անուշադրության ներքո։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ հիշյալ տեսանյութում ներկայացվածը Հաղարծնի վանքը չէ, ինչպես նշվում էր, այլ Գոշավանքի Սուրբ
Աստվածածին եկեղեցու գավիթի հատվածը։

Հաշվի առնելով, որ հիշյալ տեսանյութի տարածումից հետո իրականում սրտացավ ու մտահոգ անձանց մոտ հարցեր են առաջացել՝ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել․ տեսանյութի նկարահանումից մեկ օր առաջ, ըստ եկեղեցու աշխատակիցների, ենթադրաբար գավթի գրատնից կատարվել է գողություն։ Դեպքի կապակցությամբ աշխատակիցները կատարել են առկա ծիսական պարագաների և հոգևոր գրականության հաշվառում։ Հենց այդ ընթացքն է նկարահանվել և տարածվել համացանցում՝ ներկայացվելով իբրև վանքի անխնամ վիճակ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գտնվող բոլոր վանքերը՝ անկախ այցելուների կամ տուրիստական խմբերի մեծ հոսքից, մշտապես գտնվում են եկեղեցականների ուշադրության ու հոգածու վերաբերմունքի առանցքում։ Կոչ ենք անում նմանատիպ իրավիճակների դեպքում անմիջապես դիմել տեղում ծառայող հոգևորականին և ստանալ համարժեք բացատրություններ՝ այդպիսով ավելի մեծ օգտակարություն բերելով թե՛ Եկեղեցուն, թե՛ հասարակությանը։

Տեր Թադեոս քահանա Թադևոսյան

Գոշավանքի հոգևոր հովիվ»։

Նմանատիպ նյութեր