211652_close_icon

Շիրակի մարզում հրշեջ-փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները մեծ դժվարությամբ կանխել են Մարալիկ-Պեմզաշեն ճանապարհի ցորենի հնձած արտում առաջացած կրակը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2128 դիտում article-date 23:42 18-08-2025
Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մարալիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին՝ խոտածածկ տարածքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Անիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները, այնուհետև նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ և քաղաքացիների օգնությամբ, նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Տեղում հրշեջ-փրկարարները իրականացնում են հետախուզական աշխատանքներ՝ թաքնված կրակի օջախներ հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ պարզվել է, որ այրվել է Մարալիկ-Պեմզաշեն ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում ցորենի հնձած արտ՝ մոտ 1 հեկտար, որից հրշեջ-փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել 1000 քմ տարածքում և խոտածածկ տարածքում (մոտ 300 քմ)։ Այրվել է նաև ավտոճանապարհին տեղադրված լուսարձակող պլաստմասե սյուն (1 հատ)։

Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր