Հայաստանը պետք է լինի զգուշավոր և քաղաքական մակարդակում շարունակ դրսևորի նախաձեռնողականություն․ Արմեն Պետրոսյան
Քաղաքական վերլուծաբան Արմեն Պետրոսյանը կարծում է, որ Վաշինգտոնում ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը ոչ թե որոշակի շրջափուլի ամփոփում է, այլ առավելապես նոր մակարդակում և նոր ձևաչափում շատ ավելի նպատակային աշխատանքների իրականացում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արմեն Պետրոսյանը նշեց, որ վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրման համար ներդրվել են դիվանագիտական մեծ ջանքեր, բայց հիմա շատ ավելի կարևոր շրջափուլ է սպասվում այդ պայմանավորվածությունները գետնի վրա կյանքի կոչելու համար։
«Ադրբեջանը փորձելու է նաև այս գործընթացի շրջանակում Հայաստանից կորզել առավելագույնը, ինչի վառ ապացույցն այն հանգամանքն է, որ Ադրբեջանը չի շտապում վերջնականապես ստորագրել խաղաղության պայմանագիրը, չի շտապում լուծել հումանիտար խնդիրները և փորձում է քաղաքական նոր մանևրի հնարավորություններ ստեղծել արդեն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների դաշտում։ Ապացույցն Ալիևի հռետորաբանությունն էր եռակողմ հանդիպման ժամանակ»,- նշեց Պետրոսյանը։ ։
Նրա խոսքով՝ նախևառաջ պետք է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում բովանդակային նոր իրողություն արձանագրել, ըստ որի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և դրան համակցված ձևաչափն այլևս փաստացի գոյություն չունի՝ դրանից բխող դրական և բացասական կողմերով։ Առկա է նոր գործընթաց, նոր ձևաչափ, որն արդեն կարգավորվելու է և ընթանալու է Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերի հիման վրա։
«Չնայած հասկանալի է այն քարոզչական շերտը, որը կա Վաշինգտոնում կայացած հանդիպումների մասով, ինչպես նաև տրված է խաղաղության ժամանակահատվածի մեկնարկը և այդ առումով ցուցաբերվում է տարածաշրջանում և մասնավորապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև եղած խնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամություն և, իհարկե, ամերիկյան կողմից գործընթացին հետևելու փաստացի պարտավորություն, որն ամրագրված է Դոնալդ Թրամփի ստորագրությամբ, այդուհանդերձ, հաշվի առնելով թե՛ աշխարհում, թե՛ մեր տարածաշրջանում առկա իրողությունները և ոչ վաղ անցյալում արձանագրված մի շարք հանգամանքներ՝ պետք է շարունակ լինել զգուշավոր և բացառապես քաղաքական մակարդակում արդեն դրսևորել նախաձեռնողականություն»,- նշեց Պետրոսյանը։
Նա հիշեցրեց, որ ընդամենը հինգ տարի առաջ Իլհամ Ալիևը նույն արևելյան առևտրականի շողոքորթությամբ և բառապաշարով գովերգում էր ՌԴ նախագահին և նրա միջնորդությամբ ստորագրված փաստաթուղթը։
«Մենք հիմա ունենք իրավիճակ, երբ ո՛չ այդ փաստաթուղթը կա, ո՛չ էլ Ռուսաստանի ներգրավվածությունը գործընթացում։ Այսինքն՝ աշխատելով Ռուսաստանի հետ՝ Ադրբեջանը կարողացավ ստանալ այն, ինչ իրեն պետք էր։ Դրանից հետո նաև եվրոպական միջնորդությամբ ստեղծված ձևաչափում Ադրբեջանը կարողացավ հասնել արդեն Լեռնային Ղարաբաղում նոր հնարավորությունների, իսկ ներկայում էլ, արդեն ԱՄՆ-ի նախագահի միջնորդությանն առնչվող վերաբերմունքից ելնելով, չի բացառվում, որ կփորձի սեփական խաղն առաջ տանել»,- նշեց մեր զրուցակիցը։
Վերլուծաբանի դիտարկմամբ՝ խաղաղության քարոզը շատ կարևոր է, բայց Ադրբեջանի գործողությունների նկատմամբ լիարժեք վստահության համար դեռ շատ վաղաժամ է, հետևաբար անհրաժեշտ է գործընթացները կառավարել և քաղաքական մակարդակում լինել նախաձեռնող, լինել պահանջատեր և թույլ չտալ որպեսզի այն, ինչ տեղի ունեցավ հինգ տարի առաջ ուժի գործադրմամբ, նույնը շարունակվի արդեն քաղաքական, դիվանագիտական մակարդակում տարաբնույթ աճպարարությունների միջոցով։
«Հայաստանը պետք է փորձի նախևառաջ օրակարգում պահել ապաշրջափակման փոխադարձության սկզբունքը։ Եթե ապաշրջափակումը տեղի է ունենալու այն սկզբունքներով, որոնք հայկական կողմից մշտապես բարձրաձայնվել են, դրանք որևէ կերպ չպետք է անտեսվեն։ Չնայած փաստաթղթում կոնկրետ Ադրբեջանի կողմից Հայաստանի համար իր ճանապարհները բացելու վերաբերյալ ձևակերպումները հավասարաչափ հստակ չեն, ինչպես Հայաստանի մասով, բայցևայնպես հետագա բանակցային գործընթացում հայկական կողմը պետք է հետևողական լինի, որպեսզի տվյալ գործընթացը շարունակաբար ընթանա»,- ասաց Պետրոսյանը։
Նրա բնորոշմամբ՝ ոչ պակաս կարևոր է այն, որ հումանիտար խնդիրները լինեն օրակարգում։ Պետք է պահանջվի, որ եթե կառուցվում է խաղաղություն, ապա դրա կառուցման ճանապարհի ամենակարևոր և ամրապնդմանը միտված առաջնային քայլը պետք է լինի առկա հումանիտար խնդիրների լուծումը, այն է՝ Ադրբեջանում պահվող քաղաքացիական անձանց և ռազմագերիների ազատ արձակումը։
«Կարևոր է նաև Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուժի դուրս բերումը, ինչը նույնպես պետք է մնա օրակարգում։ Հայկական կողմը պետք է նաև հետևողական լինի, որպեսզի խաղաղության համաձայնագիրն ամբողջովին ստորագրվի ու վավերացվի։ Նախաստորագրումը միջազգային իրավունքի տեսանկյունից ենթադրում է տեքստի փոխհամաձայնեցում, բայց դա որևէ կերպ չի նշանակում, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվել է, ուստի հայկական կողմը պետք է շարունակական ջանքեր գործադրի, որպեսի փաստաթղթի ամբողջական ստորագրումը տեղի ունենա, առավել ևս, որ նախաստորագրված տեքստն Ադրբեջանի համար էական պարտավորություններ չի ապահովում»,- պարզաբանեց վերլուծաբանը։
Ըստ նրա՝ հայկական կողմը պետք է նաև ակտիվացնի աշխատանքը Թուրքիայի հետ, որպեսզի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, օրինակ՝ սահմանները բացվեն երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, ինչի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ 2022 թվականին, ինչպես նաև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն Թուրքիայի ու Հայաստանի միջև։
Կրկին անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ Պետրոսյանը նշեց, որ դրան փաստացի գալիս է փոխարինելու վաշինգտոնյան համաձայնագիրը։ Նրա կարծիքով՝ վաշինգտոնյան գործընթացին նպաստող իրողությունն այն էր, որ Ադրբեջանը նախապես մշակած սցենարի համաձայն՝ միտումնավոր կերպով սրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, որպեսզի վերջինիս հետ ուղիղ շփումները քաղաքական բարձր մակարդակում բացառվեն, և այդ պայմաններում Ադրբեջանն ավելի մանևրային լինի Վաշինգտոնի հետ բանակցություններում։
«Նոյեմբերի 9-ի փաստաթղթի կամ ձևաչափի վերականգնմանը հետամուտ մի դերակատար կա՝ ի դեմս Ռուսաստանի, սակայն նրա մոտ այս պահին շահագրգռվածություն չի նկատվում։ Եթե Ռուսաստանը չանդրադառնա այդ ձևաչափի ակտիվացմանը և չփորձի նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված իր իրավունքներն ու հնարավորությունները պահանջել, ապա չեմ կարծում, որ Հայաստանն ու Ադրբեջանը երբևէ կվերադառնան այդ փաստաթղթին։ Ամեն ինչ պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով և Ռուսաստանի հետաքրքրություններով։ Ելնելով այս պահին առկա իրողություններից՝ Ռուսաստանը ոչ միայն շահագրգռված չէ, այլև հնարավորություններ էլ չունի վերակենդանացնելու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը»,- եզրափակեց քաղաքական վերլուծաբանը։