211652_close_icon

ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

views-count679 դիտում article-date 13:10 02-08-2025
Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:

Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: 

Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը:

Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:

Նմանատիպ նյութեր