211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Երևանում. 31-ամյա վարորդը «Lada»-ով Մյասնիկյան պողոտայում մխրճվել է կայանված «Howo» բեռնատարի հետնամասի մեջ. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count30618 դիտում article-date 19:04 31-07-2025
Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի կունենան Երևանում։ Ժամը 15:20-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 31-մյա Արարատ Ա.-ն իր վարած «Lada» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին կայանված՝ Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Ա.-ին պատկանող «Howo» մակնիշի բեռնատարի հետնամասին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և նրա ուղևորներ Լոռու մարզի բնակիչներ 25-ամյա Էրիկ Թ.-ն, 32-ամյա Արամ Գ.-ն, Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Ռոբերտ Ա.-ն և Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Էդգար Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արթուր Մուրադյանն ու կրտսեր պարեկ Պետրիս Հովհաննիսյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր