211652_close_icon

Երևանում մարդաբոյ փոսը, որը փորձանք էր դարձել վարորդների համար ու ամեն օր ավտոմեքենաներ էին ջարդվում, վերջապես պատասխանատուները ասֆալտապատեցին. Ավինյանի խիստ հանձնարարականը տեղ հասավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count3202 դիտում article-date 18:39 17-07-2025
Այսօր՝ հուլիսի 17-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Մյասնիկյան պողոտայից դեպի Աճառյան փողոց տանող ճանապարհահատվածում վարորդների ու հետիոտների համար պատուհաս դարձած մարդաբոյ փոսի վերաբերյալ: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խիստ հանձնարարականով՝ «Վեոլիա ջուր» ընկերությունն ու նշված ըներության հետ ճանապարհը ասֆալտապատող ընկերությունը գործի անցան և ժամերի ընթացքում պատուհաս դարձած փոսը ամբողջությամբ ասֆալտապատվեց: 

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, տևական ժամանակ է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր էր ստանում քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում ու ամենավերջին խոսքերն էին ուղղում քաղաքային իշխանությանը: 
 
Ոչ միայն վարորդները, այլև հետիոտները նշում էին, որ 10 օրից ավելի է՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Աճառյան փողոց տանող ճանապարհահատվածում՝ ժողովրդին հայտնի 1-ին մասիվ տանող կամրջի հարևանությամբ մարդաբոյ փոսը, որն ավելի շատ հիշեցնում էր գերեզման, պատուհաս էր դարձել վարորդների համար: 
 
Ամեն օր ավտոմեքենաներ էին ջարդվում, քանի որ շատ վարորդներ, չնկատելով փոսը, հայտնվում էին այնտեղ, մի մասն էլ, անցնելով փոսի վրայով, ավտոմեքենաների անվահեծաններն էին կոտրում: 
 
Թե ով էր այդ բարձիթողի վիճակի պատասխանատուն կամ փոսի հեղինակը՝ դա վարորդներին այնքան էլ չէր հուզում, քանի որ եթե հետաքրքրվում էին, «Վեոլիա ջուր»-ը ասում էր՝ քաղաքապետարանն է, քաղաքապետարանն էլ ասում էր՝ «Վեոլիա ջուր»-ն է, կամ անհատ է, մի խոսքով՝ մեկը մեկի վրա էին գցում ու սկսում էին Գյուլնազ տատի հեքիաթները պատմել, իսկ դա գործին օգուտ չէր տալիս: 
 
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանում բազմաթիվ անգամներ գործակարգավարական նիստերի ժամանակ «ստալինյան» հայացքով տեսախցիկների առաջ հայտարարում էր, թե պետք է պատժվեն այն անձինք, ովքեր նման վերաբերմունք կցուցաբերեն երևանցիների նկատմամբ ու եթե ինչ-որ աշխատանքներ կատարելու պատրվակով քանդում են ասֆալտը, 1-2 օրվա ընթացքում պարտավոր են այն նախկին տեսքին բերել, մինչդեռ գուցե Երևանի քաղաքապետը տեղյակ չէ, ինչը շատ վատ է, որ 10 օրից ավելի է՝ այս մարդաբոյ փոսի պատճառով երևանցիները ինչքան հայհոյանք գիտեն, ուղղում են փոսը փորողի ու այն չվերանորոգողի հասցեին: 
 
Հուլիսի 15-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Մասիս քաղաքում մարդաբոյ փոսի պատճառով տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, և հրապարակումից կարճ ժամանակ անց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խիստ հանձնարարականով հայտնաբերվում է այդ փոսի ճարտարապետը, ում պարտավորեցնում են, որպեսզի ճանապարհը բերի նախկին տեսքին ինչը կարճ ժամանակում արվում է: 
 
Հարգելի՛ Տիգրան Ավինյան, արդյոք սպասում եք, որ նմանատիպ ողբերգական վթար էլ այս հատվածում լինի, որ նոր որոշեք՝ ինչ անել:
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր