211652_close_icon

Փաշինյանի հերթական ինքնախոստովանությունը՝ հանցագործության մասին. Սուրենյանց

views-count2794 դիտում article-date 13:55 30-06-2025
Փաշինյանի հերթական ինքնախոստովանությունը՝ հանցագործության մասին: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր տրանսֆորմացիա է ապրում. նրա յուրաքանչյուր ելույթ դառնում է ինքնախոստովանություն՝ հանցագործության մասին: 

Հոգևորականների մասին ինձ զեկուցել են ԱԱԾ-ից, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպման ժամանակ.

«Եկեղեցականներն իրենց գործողություններով հայտնվել են օպերատիվ ուշադրության կենտրոնում։ ԱԱԾ–ն վարչապետին ենթակա մարմին է և ԱԱԾ–ն ինձ ամեն օր զեկուցում է Հանրապետությունում օպերատիվ վիճակի մասին»,- նշել է նա։ 

Վարչապետն ի պաշտոնե օպերատիվ տեղեկատվություն ստանալու իրավունք ունի, սակայն այն չի կարող բացահայտվել կամ օգտագործվել քաղաքական հայտարարություններում: 

Եթե Փաշինյանն ԱԱԾ-ից ստացված տեղեկատվությունն օգտագործում է Եկեղեցու կամ առանձին հոգևորականների դեմ հրապարակային հայտարարություններում, սա արդեն սահմանադրական նորմերի խախտման հստակ նշան է, մասնավորապես՝ խտրականության արգելքի և Եկեղեցի-պետություն փոխադարձ չմիջամտության սկզբունքի խախտում: 

Էլ չեմ խոսում այն մասին, որ Փաշինյանը նախաքննության որևէ գաղտնիքի հասանելիության իրավունք չունի՝ ինչքան էլ այս կամ այն կառույցը գործում է վարչապետի ենթակայությամբ: 
Լավ, ենթադրենք, Բագրատ և Միքայել Սրբազանները, պետական մարմինների կարծիքով՝ կասկածվել են հանցագործություն կատարելու մեջ և գտնվել են ԱԱԾ օպերատիվ վերահսկողության ներքո: 

Այդ դեպքում, հարուցված քրեական գործերի հետ ի՞նչ աղերս ունի, օրինակ, Կաթողիկոսի կուսակրոնության հարցը ու ինչո՞ւ է Փաշինյանի հանձնարարությամբ՝ ԱԱԾ-ն «քիթը խոթել» այդ տիրույթ: 

Սահմանադրական ու իրավական տեսանկյունից Փաշինյանի տվյալ հայտարարությունը կարող է գնահատվել որպես խնդիր, որը պարունակում է իշխանության չարաշահման և խտրականության տարրեր: 

ԱԱԾ-ն իրավունք չունի վերահսկելու Կաթողիկոսի կամ որևէ այլ հոգևորականի կուսակրոնությունը կամ անձնական կյանքը։ 

Նման գործողությունները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և միջազգային իրավական նորմերին, որոնք երաշխավորում են մարդու անձնական կյանքի գաղտնիությունն ու կրոնի ազատությունը։ 

Հետևաբար՝ Կաթողիկոսի կուսակրոնությունը չի կարող լինել ԱԱԾ-ի օրինական օպերատիվ վերահսկողության ներքո, և նման միջամտությունը Սահմանադրության և մարդու իրավունքների բացահայտ խախտում է: 

Հենց այդ հանցագործության մասին էր ինքնխոստովանում Փաշինյանը՝ երկու օր առաջ»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր