211652_close_icon

Խոշոր ու առեղծվածային ավտովթար՝ Երևանում․ Արամի փողոցում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է՝ կոտրելով ծառեր ու երկաթե ճաղավանդակներ․ կան վիրավորներ․ ավտոմեքենայում հայտնաբերվել են կասկածելի փաթեթներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count8770 դիտում article-date 09:24 17-05-2025
Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար և առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Էդգար Ղ․-ն իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Արամի փողոցի թիվ 27/1 շենքի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 2,5 մետր բարձրությունից  ընկել, կոտրել մի քանի ծառ, ապա կոտրել երկաթե ճաղավանդակներն ու կողաշրջված հայտնվել Արամի նրբանցքի թիվ 27/1 շենքի բակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Էդգար Ղ․-ն և ուղևոր, 23-ամյա Մուլեթ Ջեսիկան քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրանց նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանաել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սուրեն Բալդրյանը, պարեկներ Սլավա Մալխասյանն ու Տիգրան Բաղդասարյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ պարեկներն ու փրկարարները քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան դարձի են բերել, դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ, որոնց մեջ եղել է թմրանյութի նմանվող զանգված, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի տեղակալ Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Հայտնաբերված կասկածելի փաթեթների փաստով նշված քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր