211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում. «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին, հետո մեկ այլ ավտոմեքենայի, ապա կոտրել քարե պարիսպն ու մասամբ կախվել. վարորդին առաջինը օգնության է հասել Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արտակ Հովակիմյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count48725 դիտում article-date 15:30 03-05-2025
Այսօր՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, հետո անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե բետոնե պարսպին, կոտրել այն և մասամբ կախվելով հայտնվել քաղաքացու տարածքում: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 
 
Բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գոռ Խալաթյանն ու Ռաֆիկ Ասատրյանը: 
 
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: 
 
Ավտոմեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ փրկարարները դուրս բերեցին անվտանգ վայր: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 135+
135+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր