211652_close_icon

Անցկացվեց լրագրողների միջեւ շախմատի հոբելյանական 10-րդ մրցաշարը․ aravot.am

views-count1021 դիտում article-date 10:16 06-04-2025
Շախմատի ակադեմիայում կայացավ լրագրողների միջեւ շախմատի 10-րդ մրցաշարը, որն ավանդաբար կազմակերպում է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան: Հոբելյանական մրցաշարի հովանավորը Երեւանի քաղաքապետարանն էր, կային նաեւ աջակցող ընկերություններ, գրում է aravot.am-ը։

Մասնակիցները, որոնք ներկայացնում էին 13 լրատվամիջոցներ, խաղացին արագ շախմատի ժամանակացույցով եւ կանոններով. Պարտիայի համար 10 րոպե եւ լրացուցիչ 5 վայրկյան ամեն մի քայլի համար: Հաղթողն ու մրցանակային տեղ զբաղեցնող լրագրողները ստացան համապատասխան գավաթներ, պատվոգրեր եւ գումարային մրցանակներ: Սահմանվել էին նաեւ անվանակարգային մրցանակներ:

Հետաքրքիր պայքարի արդյունքում, մինչեւ նախավերջին փուլն ամեն բան դեռ անորոշ էր, հաղթեց «Գոլոս Արմենիի» թերթի լրագրող Վադիմ Մկրտչյանը: Երկրորդ տեղն զբաղեցրեց Արարատ Պետրոսյանը՝ «Արմենպրեսի» գլխավոր խմբագրի տեղակալ, երրորդը՝ Նորայր Շողիկյանը՝ Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար: Մրցանակները հանձնեց գրոսմայստեր Շանթ Սարգսյանը:

Մրցաշարի կազմակերպիչ, Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը Aravot.am-ին ասաց. «Գրանցվել էր 16 լրագրող: Նրանց ճնշող մեծամասնությունը մշտապես մասնակցում է արդեն ավանդական դարձած այս մրցաշարին եւ կարելի է ասել, որ ձեւավորվել է յուրահատուկ շախմատային ընտանիք: Հայաստանում լրատվամիջոցների միջեւ տարբեր մարզաձեւերից մրցումներ կազմակերպվել եւ կազմակերպում են: Այդ նախաձեռնությունների հեղինակներից մեկն էլ «Առավոտն» է եղել: Ես էլ որոշեցի շախմատային մրցակցություն կազմակերպել՝ հաշվի առնելով, որ շախմատը Հայաստանում տարածված ու սիրված է եւ տարբեր ոլորտները՝ բանկային համակարգ, դեսպանատներ եւ այլն, շախմատի մրցումներ կազմակերպում են: Եվ այն, որ այս տասը տարիների ընթացքում մեր մրցաշարը հետաքրքրությունը չի կորցնում, դրա վկայությունն է: Ավելին ասեմ, քանի որ մասնակիցների մի մասը բավականին բարձր խաղային որակներ ունեն, այսօր առաջարկ եղավ մրցաշարն այսուհետեւ անցկացնել երկու խմբով՝ ուժեղների եւ սիրողական մակարդակի: Ամենայն հավանականությամբ հետագայում այդպես էլ կվարվենք»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր