211652_close_icon

Պաշտոնական Բաքվից պատրաստակամություն չենք լսել. Միրզոյանը՝ համաձայնագիրը ստորագրելու մասին

views-count646 դիտում article-date 17:01 25-03-2025
Պաշտոնական Երևանը անմիջապես այն հայտարարությունից հետո, որ Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, առաջարկել է սկսել խորհրդակցություններ՝ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը, ժամը և մյուս մանրամասները: Այս պահին մենք նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չենք լսել: Այդ մասին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը զուգահեռ և դրանից հետո նորից Ադրբեջանը որոշակի այլ նախապայմաններ է տեսնում: Պետք է շարունակել աշխատել, բանակցել և գտնել փոխադարձ ընդունելի, արժանապատիվ և երկարատև խաղաղություն ապահովող լուծումներ. այլընտրանք ուղղակի չկա»,- նշեց Միրզոյանը:

Ինչ վերաբերում է ստորագրման ժամկետներին, ապա նախարար Միրզոյանը նշեց. «Այս պահին, այո, չկա ըմբռնում՝ որտեղ և երբ պետք է ստորագրվի: Մենք ուզում ենք մեկ անգամ ևս ասել՝ պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավվել այդ գործընթացում և դնել մեր ստորագրությունը»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր՝ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ:

Նմանատիպ նյութեր