211652_close_icon

Ոսկյա ժամացույց, ադամանդե մատանի, հնաոճ իրեր, միլիոնավոր դրամներ․ Գյումրիի «հարուստ» և «աղքատ» թեկնածուները. Armtimes.com

views-count922 դիտում article-date 19:43 18-03-2025
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական էջում հրապարակվել են Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի եւ նախընտրական ցուցակներում ներգրավված թեկնածուների հայտարարագրերը։
Ուսումնասիրելով դրանք՝ կարելի է եզրակացնել, որ քաղաքապետի աթոռին հավակնող թեկնածուներից ոմանք ապահովված են. ունեցվածքի՝ «կայք ու կալվածքի», «ստակ ու փարայի» խնդիր չունեն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար, Գյումրիի համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, օրինակ, ընդամենը մեկ՝ 99,50ք/մ մակերեսով բնակարան է հայտարարագրել Գյումրիի Տիգրան Մեծ փողոցում, որը նրան է պատկանում ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով։

Որպես շարժական գույք՝ Մինասյանը հայտարարագրել է երկու ավտոմեքենա՝ «Մերսեդես Բենց» S 550՝ 2008 թ․ արտադրության եւ «Մերսեդես Բենց» E 320՝ 1998 թ․ արտադրության։

Որպես դրամական միջոց հայտարարագրել է 19 մլն դրամ, 3500 Եվրո, 6000 դոլար։

Որպես եկամուտ Մինասյանը հայտարարագրել է 4 մլն 858 հազար 568 դրամ աշխատավարձը, որն ստացել է «Միասնական սոցիալական ծառայություն»-ից, Գյումրի համայնքապետարանից ստացած մոտ 497 հազար դրամ աշխատավարձը, ինչպես նաեւ երկու գյուղ․ վարկ «Ակբա Բանկ»-ում. մեկը՝ 800 հազար դրամ, մյուսը՝ 2 մլն 500 հազար դրամ։ «Ակբա Բանկ»-ում Մինասյանն ունի նաեւ 20 հատ պարտատոմս՝ 200 հազար դրամ արժողությամբ։

«Իմ հզոր համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածուն՝ Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի անդավաճան ընկերն ու ՀՀԿ-ի կողմից հովանավորվող՝ «Սերժի ֆավորիտ» քաղաքապետացուն՝ Ռուբեն Մխիթարյանը, հայտարարագրել է 67 հազար դոլար եւ 41 միլիոն դրամ դրամական միջոց։ Բացի այդ, Գյումրիի Վարդ-Բաղ հասցեում հաշվառված, «Վառուվի» ՍՊԸ-ի սեփականատեր Մխիթարյանը առանձնատուն ունի Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում՝ 340 ք/մ մակերեսով, որի սեփականատերն է։  

Որպես աշխատավարձ նա հայտարարագրել է «Վառուվի» ՍՊԸ-ից ստացած 3 մլն 20 հազար 556 դրամը եւ նույն ՍՊԸ-ում ունեցած շահաբաժինը, որը կազմում է 43 մլն 950 դրամ։ Վատ չէ, վատ չէ․․․ Շոուբիզնեսը, փաստորեն, եղել է եւ կա եկամտաբեր աշխատանք։

«Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Գյումրիի քաղաքապետի պաշտոնին «երկրորդ զախոդից» տիրանալ փորձող Մարտուն Գրիգորյանն էլ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում 6 անշարժ գույք է հայտարարագրել. մեկ բնակելի տուն՝ Գյումրիում, երկու բնակարան՝ Երեւանի Գրիբոյեդով փողոցում, երկու հողամաս՝ Գյումրիում եւ մեկ ավտոկայանատեղի՝ դարձյալ Երեւանի Գրիբոյեդով փողոցում։ Քաղաքապետի թեկնածուն 5 գույքի սեփականատերն է, մեկի (Գյումրիում գտնվող հողամասի)՝ համասեփականատերը։

Պատգամավոր-քաղաքապետացուն հայտարարագրել է նաեւ ԱԺ-ից ստացած մոտ 570 հազար դրամ աշխատավարձը, ինչպես նաեւ՝ 190 մլն դրամ եւ 20 հազար դոլար դրամական միջոց։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր