211652_close_icon

ՀՀ Կառավարությունը Հայանիստում դարն ապրած դպրոցի փոխարեն կառուցում է նոր, ավելի անվտանգ, միջազգային չափանիշներին համապատասխան դպրոց, որի նմանը չկա անգամ Երևանում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count2695 դիտում article-date 16:42 15-03-2025
Այն, որ վերջին տարիներն Հանրապետությունում ավելացել է մանկապարտեզների, ուսումնական հաստատությունների, այդ թվում դպրոցների կառուցումը՝ գաղտնիք չէ։ SHAMSHYAN.com-ը մի քանի անգամ ֆոտոռեպորտաժ, տեսանյութ է հրապարակել Արարատի մարզի Հայանիստ գյուղի դպրոցի մասին, երբ ուժեղ անձրևների հետևանքով տանիքից ջուրը հասնում էր մինչև առաջին հարկ, իսկ ուժեղ քամին էլ պոկել էր դպրոցի տանիքի մեծ մասը ու շպրտել մի քանի մետր, ինչից հետո տևական ժամանակ ուսուցչական կոլեկտիվն ու աշակերտները դասապրոցեսը անցկացնում էին բաց երկնքի տակ։ Դեռ այն ժամանակ դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, աշակերտները ու նրանց ծնողները խնդրանքով դիմել էին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նրա անմիջական ղեկավարությամբ դպրոցի տանիքը կամ վերանորոգվի, կամ նոր դպրոց կառուցվի։ Տանիքի պոկվելու դեպքից օրեր անց Ն․ Փաշինյանի հանձնարարականով պատասխանատուները ուսումնասիրել են խնդիրը, նույնիսկ մի քանի անգամ այցելել են դպրոց,տեղում ծանոթացել իրավիճակին և լուծումներից մեկը առաջարկել են տանիքն ամբողջությամբ վերանորոգեն, սակայն Ն․ Փաշինյանը խնդրին ավելի մոտիկից ծանոթանալուց հետ հանձնարարական է տվել, որ գյուղը պետք է ունենա նոր, ժամանակակից, ավելի հարմարավետ, հատուկ կաթսայատնով, մարզադահլիճով ու մարզադաշտով դպրոց և մի քանի շաբաթվա ընթացքում Կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից համաձայնություն է ձեռք բերվում ու հայտարարվում է մրցույթ, ինչից հետո մրցույթը շահող ընկերությունը ձեռնամուխ է լինում նոր դպրոցի կառուցմանը։

Այսօր՝ մարտի 15-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շինարարները անգամ շաբաթ օրով են աշխատում, որպեսզի մեկ օր առաջ հասցնեն դպրոցը հանձնել շահագործման։ Աշխատանքները կատարվում է մեծ պատասխանատվությամբ, շինարարները բծախնդիր են մոտենում իրենց գործին ու այս տարվա նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկիզբներին նորակառույց դպրոցը իր դռներն է բացելու ուսուցչական կոլեկտիվի և աշակերտների առջև։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դպրոցը ամեն հարմարություններ ունենալու է՝ բուժկենտրոն, մարզադահլիճ ու մարզադաշտ, կաթսայատուն, ճաշարան, հանգստի սենյակներ, «Արմաթ» լաբորատորիա և որ ամենակարևորներից մեկն է՝ նկուղային հարկերում լինելու են ժամանակակից տեխնիկաներով հագեցված ապաստարաններ և երբ դպրոցը հանձնվի շահագործման, մայրաքաղաքի ու մարզերի բազմաթիվ դպրոցների տնօրեններ երևի թե բարի նախանձով են նայելու Հայանիստի դպրոցի նոր շենքին ու հարմարություններին։ Երեխաների ծնողներն ու ուսուցչական կոլեկտիվը  պատրաստակամություն են հայտնել դպրոցը շահագործելուց հետո ամբողջ տարածքում ծառատունկ անել։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կառուցապատողները նաև բավականին խիստ հսկողության տակ են վերցրել շինարարների անվտանգությունը։ Աշխատանքի ժամանակ կրում են անվտանգության անհրաժեշտ պարագաներ՝ այդ թվում սաղավարտներ ու տանիքում էլ աշխատանքներ կատարելիս պարտադիր հատուկ ճոպաններով ամրակապվում են։ Այս դպրոցը շահագործելուց հետո դառնալու է Արարատի մարզի ամենահզոր, եվրոպական չափանիշներին համապատասխան, հարմարավետ ու անվտանգ դպրոցներց մեկը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․

«Թե՛ մենք, թե՛ մեր ծնողները սովորել ու ավարտել են էս դպրոցը, բավականին ճանաչված դպրոցներից է եղել։ Երբ քամին պոկեց տանիքը ու մենք տեսնում էին, որ մեր երեխաները դասի են գալիս ու դասապրոցեսը ընթանում է բաց երկնքի տակ, մի քիչ նեղսրտում էինք, սպասում էինք, թե երբ տանիքը կսարքեն բայց հետո իմացանք, որ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ համագործակցելով Ասիական զարգացման բանկի հետ հին դպրոցի տեղում նոր են կառուցում, շատ ուրախացանք ու ոգևորվեցինք»։ 

Հայանիստի միջնակարգ դպրոցի կառուցում 

Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր

Ծրագրի ֆինանսավորում՝ ՀՀ կառավարություն և Ասիական զարգացման բանկ 

Ծրագրի պատվիրատու՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրում 

Շինարարության մեկնարկ 25.09.2023 թ. 

Շինարարության ավարտ 13.11.2025 թ. 

Շինարարության թույլտվություն` № CPPO-0000-8677 (22.09.2023 թ.) 

Շինարարական կազմակերպություն՝ «Գոհարիկ» ՍՊԸ

Նախագծային կազմակերպություն՝ «Հայնախագիծ» ԲԲԸ 

Տեխնիկական վերահսկում՝ «Ալտերնատիվ» ՍՊԸ 


Ինչպես ավելի վաղ՝ 2021 թվականի մայիսին հայտնել էր ֆոտոլրագրողը, Արարատի մարզի Հայանիստ գյուղի միջնակարգ դպրոցում աշակերտները դասապրոցեսն անցկացնում էին բացօթյա տարածքում։

Նույն թվականի ապրիլի 10-ին ուժեղ քամու հետևանքով դպրոցի տանիքն ամբողջությամբ պոկվել էր։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում դպրոցի տնօրեն Արմինե Ավետիսյանն ասել էր.

«Ապրիլի 10-ին ուժեղ քամու հետևանքով տանիքը պոկվեց ու թափվեց։ Միակ սփոփանքը նա էր, որ տուժածներ չեղան, բայց դպրոցը միլիոնների վնաս է կրել։ Հաջորդ օրն անձրևն իր սև գործն արեց. 3-րդ հարկից ստիպված իջել ենք մյուս հարկեր և դասապրոցեսները չխաթարելու նպատակով նույնիսկ դրսում ենք դասերն անցկացնում։ Մինչ այդ, սակայն, 3 օր հեռավար անցկացրեցինք, սակայն նպատակահարմար գտանք՝ ավելի լավ է դրսում, քան հեռավար։ 

Դիմել ենք մարզպետարան, որտեղից էլ դիմել ենք կառավարություն։ Վստահ ենք, որ կառավարությունը կարճ ժամանակում կֆինանսավորի  դպրոցի ոչ միայն տանիքի, այլև ողջ շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները։

Դպրոցն ունի 300-ից ավելի աշակերտ, անգամ հարակից գյուղերից ու Երևանից են այստեղ աշակերտներ ընդունվել»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր