211652_close_icon
views-count1018 դիտում article-date 18:26 19-02-2025

«Հայաստանի իշխանությունների նպատակը ո՞րն է, որ մինչեւ վերջին արցախցին՝ ծեր ու մանուկ կոտորվեի՞ն, որ Արցախի հարցը մեկընդմիշտ փակվե՞ր»․ Արմեն Պետրոսյան. Aravot.am

«Առավոտի» հետ զրույցում Արցախի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր, Պաշտպանության բանակի պահեստազորի սպա Արմեն Պետրոսյանն անդրադարձավ ՀՀ իշխանությունների հայտարարություններին, թե արցախցիները չեն մնացել Արցախում եւ չեն պայքարել մինչեւ վերջ։

«Երբ ասում են՝ թող մնայիք, կռվեիք մինչեւ վերջ, իշխանությունների համար այդ մինչեւ վերջ հասկացությունը ո՞րն է, որ արցախցին մինչեւ վերջ կոտորվե՞ր, եւ այսօր իրենք չկանգնեին խնդրի առջեւ, որ արցախցիների համար պետք է բնակարանային, սոցիալական ու այլ հարցեր լուծե՞ն։ Այսինքն՝ այդ գլխացավանքից պրծնեի՞ն։ Հայաստանում իշխանությունը բռնազավթած ուժի համար Արցախն ի՞նչ էր, գլխացավա՞նք էր, թե՞ երկրորդ հայկական պետություն։ Իրենց հայտարարությունները հանգեցնում են այն մտքին, որ Արցախն իրենց համար գլխացավանք էր, որից պետք էր ազատվել։ Եվ դրա համար էլ հայտարարում են, որ հարկավոր էր մինչեւ վերջ կռվել, այսինքն՝ մինչեւ վերջին մանուկն ու ծերը մնային այնտեղ ու կոտորվեին, որպեսզի Արցախի հարցը վերջնականորեն փակվեր։ Միայն Արցախի տարածքի կորստով Արցախի հարցը չի փակվել, որովհետեւ Արցախը դա արցախցիներն են։ Իսկ այն հանգամանքը, որ արցախցիները մեծ մասը հնարավորություն ունեցան փրկվելու, Արցախի հարցը չի փակվել»,- ասաց Արմեն Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանություններն այսպիսի հայտարարություններ անելով՝ աշխատանք են իրականացնում իրենց ընտրազանգվածի համար։ «Իրենց ընտրազանգվածի ճնշող մեծամասնությունն այն մարդիկ են, որոնք ատում են Արցախն ու արցախցիներին։ Այսինքն՝ այն մարդիկ, որոնք իրենց քվեն տալիս են ՔՊ-ին ու Նիկոլին, նրանք ատում են Արցախը, դա փաստ է։ Եվ իրենք իրենց ընտրազանգվածի վրա են աշխատում, դրանով իրենք նախապատրաստվում են 2026 թվականի ընտրություններին»,- հավելեց նա։ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ 1988, 1990-ականներին, 2016 թվականին միասնական գաղափարական դաշտը այլ էր, 2020-2023 թվականներին՝ այլ։

Նա անդրադառնում է հարցին, թե ինչպես ու ինչ պայմաններում է կռվել արցախցին՝ հակառակորդին հասցնելով ծանր կորուստներ։ «Որպես սպա՝ 2016 թվականին ես ավելի լավ էի իմ խնդիրը պատկերացնում եւ պատրաստ կատարելու, քան հիմա, որովհետեւ 2020 թվականին իմ բարոյահոգեբանական վիճակը լավ չէր, ես ինձ անտեր էի զգում։ Ինչպես երկիրն էր անտեր, այնպես էլ բանակն ու զինծառայողը, մարդիկ իրենց մեջքին հզոր ուժ չէին զգում։ Իսկ նախկինում հայ զինծառայողն իր մեջքին զգում էր ամբողջ աշխարհասփյուռ հայության ուժը, դրա համար էլ արդյունքը եղավ հաղթանակ։ Բայց 2023 թվականին Հայաստանը երես թեքեց Արցախից, այսինքն՝ անտեր թողեցին Արցախին։ Այնինչ, Արցախը Հայաստանի մի մասն է՝ հայերով բնակեցված։ Եվ այդպիսի անտարբեր վերաբերմունքը նման է մի իրավիճակի, երբ երեխան գետում խեղդվում է, բայց մայրը հրաժարվում է մտնել գետը եւ երեխային հանել՝ պատճառաբանելով, թե իր շրջազգեստը կթրջվի։ Հայաստանի իշխանություններն իրենց պահեցին անտարբեր մոր նման, միայն թե իրենց շրջազգեստը չթրջվեր։ Իսկ արցախցին ինչքան կարողացավ, մինչեւ վերջ կռվեց։ Հազարավոր թուրքերի դիակները վկայում են այն մասին, որ արցախցին մինչեւ վերջ է կռվել։ Բայց պետք է հասկանալ՝ մինչեւ վերջը ո՞րն է, երեխաներին էլ կոտորեի՞ն, վերջը դա՞ է։ Հայաստանի իշխանությունների նպատակը ո՞րն է, որ մինչեւ վերջին արցախցին կոտորվե՞ր, որպեսզի Արցախի հարցը մեկընդմիշտ փակվե՞ր»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր