211652_close_icon
views-count676 դիտում article-date 18:29 20-12-2024

Մինչև փետրվարի 1-ը կպահպանվի տրանսպորտի համար նախատեսված 100 դրամանոց արժեքը

Երևանի քաղաապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Ինչպես գիտեք, հունվարի 1-ից ամբողջապես անցնելու ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգին։

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Երևանի ավագանու դեկտեմբերի 24-ի հերթական նիստում կառաջարկվի նոր նախագիծ, որով մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվեն մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով։

Տրոլեյբուսներից օգտվելու ժամանակ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուղետոմսի 50 դրամ արժեքը կշարունակի գործել:
Մետրոյից օգտվելու ժամանակ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուղետոմսի 100 դրամ արժեքը կշարունակի գործել։ 

Միաժամանակ նշենք, որ մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքված կլինեն, այսինքն 100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է և անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման:

Այս որոշումը պայմանավորված է միասնական տոմսային համակարգի անցումային շրջանը քաղաքացիների համար հնարավորին դյուրին կազմակերպելու գործընթացով։

Շատերդ հարցնում եք, ե՞րբ և ինչպե՞ս պետք է կարողանանք օգտվել այդ համակարգից:

Հունվար ամսից արդեն հնարավոր կլինի ձեռք բերել նաև տրանսպորտային քարտեր, որոնց միջոցով հնարավորություն կընձեռնվի լիցքավորել ձեր նախընտրելի տոմսային փաթեթները:

Կգործարկվի նոր կայք, որի միջոցով կստեղծվի հնարավորություն արագ և առանց դժվարությունների ձեռք բերել առցանց տոմսային փաթեթներ՝ ձեզ համար նախընտրելի տարբերակով: 

Կայքում նաև հնարավորություն է լինելու ձեռք բերել արտոնյալ խմբերի համար նախատեսված փաթեթները, ինչպես նաև ծանոթանալ անվճար երթևեկելու իրավունք ունեցող անձանց խմբերին:

Հավելենք նաև, որ այս ամենի մասին շուտով հանրությանը կիրազեկվի տեղեկատվական և սոցիալական բնույթի հոլովակներով»։

Նմանատիպ նյութեր