211652_close_icon
views-count3193 դիտում article-date 20:11 11-12-2024

Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ

Oragir.News-ի լրագրողի վրա հարձակված և հեռախոսը խլած «Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ի սեփականատեր Մուշեղ Միրիջանյանին և նրա ընտանիքին պատկանող «Մ․Մ․Մ․» ընկերությունը 2017 թվականին «խլել» են նրանցից, սակայն խնդրի մասին բարձրաձայնելուց հետո Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում՝ «Հայկական ժամանակում» հերքում են տարածել։

«Հայկական ժամանակը» 2017 թվականի նոյեմբերի 29-ին գրել էր, որ Ազգային Ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը նոր հորիզոններ է նվաճում: «Հայկական ժամանակ»-ին հայտնի էր դարձել, որ Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն ձեռք է բերել «Մ.Մ.Մ» անունը կրող եվրոպական արտադրության պատուհաններ եւ դռներ արտադրող ընկերությունը:

Նույն աղբյուրի պնդմամբ, «Քեթրին գրուպ»-ն այդքան էլ ազնիվ չի գտնվել և «Մ.Մ.Մ»-ի արդեն նախկին սեփականատերերին կոշտ ձևով զրկել է ընկերության հետագա տնօրինման և կառավարման մասնակցելու գործառույթից:

«Բանն այն է, որ «Մ.Մ.Մ․»-ը ունեցել է գրավադրած գույք, իսկ ընկերությունը վաճառելուց հետո պայմանավորվածություն է եղել, որ նախկին սեփականատերերը որոշակի մասնակցություն են ունենալու ընկերության հետագա կառավարմանը, սակայն գործարքից հետո նրանք ձեռնունայն հեռացել են «Մ.Մ.Մ»-ից:

Տեղեկությունները փորձեցինք ստուգել՝ «Մ.Մ.Մ․» ընկերություն զանգահարելով, սակայն տնօրենի օգնականը հայտնեց, որ մեր հարցերին իրավասու է տնօրենը պատասխանել, սակայն նա տեղում չէ: Օգնականը մեզ հայտնեց միայն, որ «Մ․Մ․Մ․»-ի տնօրենն այժմ Մելիք Գասպարյանն է: 

Ընկերության պաշտոնական կայքում դեռ պահպանված է նախկին տնօրենի մասին տեղեկությունը. «Մ.Մ.Մ.» ընկերությունը, ի դեմս տնօրեն Մերուժան Միրիջանյանի, Հայաստանի Հանրապետությունում ծավալել է իր գործունեությունը դեռևս 1997 թվականից և արդեն հասցրել է գործունեության իր ոլորտում գրավել առաջատարի դիրք»: 

Ի դեպ, մինչ այս գործարքը «Մ.Մ.Մ․» ընկերությունը հսկայական պարտքեր էր կուտակել՝ աշխատակիցների աշխատավարձերը չվճարելով: Դեռ պարզ չէ, թե արդյո՞ք «Քեթրին գրուպ»-ը նախկին սեփականատիրոջ պարտքերը գնել է, թե՞ ոչ: «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ից մեր զանգերին չպատասխանեցին»,- գրել էր ՀԺ-ն։

Ընդամենը 2 օր անց՝ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին, «Մ.Մ.Մ.»-ի նախկին սեփականատերերը ՀԺ-ի հետ զրույցում պնդել են, թե «Քեթրին գրուպ»-ն իրենց չի «քցել»։

«Այդ նյութում մենք գրել էինք, որ ԱԺ Հանրապետական պատգամավոր Միհրան Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն գնել է «Մ.Մ.Մ.» արտադրական ընկերությունը, սակայն գնման գործընթացից հետո չի պահպանել նախկին պայմանավորվածությունները, որի համաձայն՝ նախկին սեփականատերերը դուրս են մնացել ընկերության կառավարումից:

Վաճառված ընկերության ներկայացուցիչների պարզաբանումը հրապարակում ենք առանց խմբագրման. «Ակնհայտ եւ անհեթեթ ապատեղեկատվություն է հոդվածում նշված այն միտքը, թե պայմանավորվածության համաձայն՝ առուվաճառքի գործարքից հետո, մենք որոշակի մասնակցություն ենք ունենալու ընկերության հետագա կառավարմանը: Հայտնում ենք, որ «Քեթրին գրուպ»-ը մեր նախկին ընկերությունը «Մ.Մ.Մ» գործարանը ձեռք է բերել ոչ թե մեզանից, այլ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից, որտեղ գործարանը գրավադրված է եղել: «Քեթրին գրուպը» մարել է նաև մեր ստանձնած պարտավորությունների մի մասը, որի համաձայն շնորհակալ ենք այդ ընկերությանը: Հաշվի առնելով վերը նշվածը, համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի, պահանջում ենք հրապարակել իրականությանը չհամապատասխանող ապատեղեկատվության հերքումը: «Մ.Մ.Մ» գործարանի նախկին սեփականատերեր՝ Մերուժան Միրիջանյան, Մուշեղ Միրիջանյան, Մհեր Միրիջանյան»,- գրել էր ՀԺ-ն։

Oragir.News-ն այսօր փորձեց կապ հաստատել լրագրողի վրա հարձակված «Եվրոպլաստ 999» ՍՊԸ տնօրեն Մուշեղ Միրիջանյանի հետ, պարզելու, թե ինչ ճակատագրի արժանացավ  «Մ.Մ.Մ» ընկերությունը, արդյոք շարունակո՞ւմ է պնդել, որ Միհրան Պողոսյանն իրենց չի «քցել»։ Ընկերության աշխատակիցը, սակայն, ասաց, որ Մուշեղ Միրիջանյանն այդ պահին չի կարող պատասխանել մեր հարցերին։ Նա խոսատացավ հեռախոսահամարը փոխանցել Միրիջանյանին, եթե նպատակահարմար գտնի, կապ կհաստատի մեզ հետ։

Ուշագրավ է, որ սույն անձը՝ Մուշեղ Միրիջանյանը, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո՝ 2018 թվականին, հիմնադրել «Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ն, որը մի քանի անգամ հարյուրավոր միլիոն դրամների արտոնություններ է ստացել Փաշինյանի կառավարությունից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր