211652_close_icon
views-count105323 դիտում article-date 12:58 09-12-2024

Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. բախվել են «Audi»-ն, «Паз» ավտոբուսն ու մարդատար «ГАЗель»-ը. կա 2 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Գյումրի-Հայկավան ավտոճանապարհին՝ Հայկավան գյուղի վարչական տաածքում բախվել են «Audi», մարդատար «ГАЗель» և Ողջի-Մեղրաշատ-Բյուրակն գյուղերն սպասարկող «Паз» ավտոբուսը:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաաքացիների, օպերատիվ են գործել օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ- փրկարարները:  

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:  

Մահացածի մարմինը «Audi»-ից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամաատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հարութ Ղազարյանի և դասակի Հրամանատար Արսեն Մարտոյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի բաժնի խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի, Ախուրյանի քննչական բաժնի պետ Վահան Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ամատունի Կարապետյանի գլխավորությամբ: 

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Շիրակի մարզի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, մեկասառույց չի եղել, եղանակն էլ մառախլապատ է եղել:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 175+
175+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր