211652_close_icon
views-count2161 դիտում article-date 11:07 13-11-2024

«Շատ էի ուզում, որ գրի, սպասում էի, որ մի օր կհասցնեմ կարդալ հեռուներում գրած իր գիրքը, ու որ Վանոյի էդ գիրքը գլուխգործոց է լինելու». Aravot.am

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի անկախության առաջին տասնամյակում Հայաստանի պետական առանցքային պաշտոններ զբաղեցրած գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանն այսօր կդառնար 78 տարեկան: Նրա մասին հրապարակախոս Լիզա Ճաղարյանի հետ զրուցում է Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանը:

–Տիկին Լիզա, հիշո՞ւմ եք, թե երբվանից եք ծանոթ Վանո Սիրադեղյանի հետ։

–Համալսարանում սովորելու տարիներից ճանաչում էի, բայց ծանոթ չէինք ու էդպես էլ չծանոթացանք ուսանողական տարիներին։ Մեր կողմերում մի տարածված արտահայտություն կա` կատարը ցցած։ Ա՛յ էդպես «կատարը ցցած» քայլում էր բանասիրականի միջանցքում, ես էլ ամեն տեսնելուց մտածում էի` էս ով ա է՛, ինչի՞ ա իրեն սենց երեւակայում։ Տարիներ հետո Դիլիջանում ծանոթացանք` երիտասարդ ստեղծագործողների քառօրյա սեմինարի օրերին, ու երեւի երկուսս էլ զարմացանք, թե ինչու էդքան ուշացումով ընկերացանք։ 80-ականների սկիզբն էր, ինքն արդեն շռնդալից մտել էր գրականություն, չեմ չափազանցում` իր մուտքը գրականություն իրոք շռնդալից էր, «Գարուն» ամսագրում ընդամենը երեք պատմվածքով Վանոն միանգամից այնքան ճանաչվեց ու սիրվեց, ինչի կեսն անգամ չէր հաջողվում ամեն տարի «Գարուն»-ում տպագրվող «հնագույններիս»։

–Ինչպիսի՞ ընկերական շրջապատ ունեիք այն ժամանակ ստեղծագործողներդ։

–Նախանձելի։ Հիմա` տարիների հեռվից այլ կերպ եմ գնահատում սովետի տարիների ընկերներիս։ Էն ժամանակ հեշտ էր լավ ընկեր լինելը։ Գուցե մի քիչ զարմանալի ու տարօրինակ բան եմ ասում, բայց սա պահի տակ ասված խոսք չի, շատ եմ մտածել դրա մասին։ Իրոք, էն ժամանակ հազվադեպ էինք հիասթափվում, հազվադեպ էինք ընկեր կորցնում, ամեն ինչ էնքան պարզ էր. կար կոմսոմոլ, պարտիա, կամ` էդ կողմում էիր, կամ` մեր կողմում։

Մեր կողմն էլ, այսպես կոչված, ազատ մարդիկ էին, որ «Պապլավոկի» վերեւի հարկից թքած ունեին կոմսոմոլի վրա էլ, պարտիայի վրա էլ, ապրում էին ոնց ուզում էին, ոնց կարողանում էին, սրճարանի 15 կոպեկանոց սուրճի սեղանի շուրջը մի խաչապուրիով կշտանում էինք ու Ֆոլքներից սկսում` Մարկեսով շարունակում, Հրանտով ավարտում էինք մեր օրերը։ Դիսիդենտ չէինք, բայց դե թաքուն արգելված գրականություն էինք կարդում, էնպիսի ֆիլմեր էինք սիրում նայել, որոնց համար տոմսարկղերի մոտ հերթեր չէին գոյանում, եւ եթե նույնիսկ լինում էին հերթեր, լիքը դահլիճը կամաց–կամաց դատարկվում էր մինչեւ ֆիլմի ավարտը։ Սիրուն կյանք էր, ու էդ նախշուն կավաշերտը մենք էինք պոկել սովետական «բանտի» պատից ու վայելում էինք… Էս հիմա եմ էսպես ասում, էն տարիներին «համաշխարհային վիշտը» մեր ուսերին էր, մեզ էդպես էր թվում։

Լավն էին ընկերներս, բոլորի՛ն, բոլորի՛ն սիրում էի, շատ էի սիրում։ 88-ից հետո շատ բան փոխվեց, ազատությունից բացի` պարտավորություն ու պատասխանատվություն դրվեց բոլորի ուսերին, ու քչերը դիմացան էդ փորձությանը։ Մեկ էլ մի օր տեսա` մի բանակ ընկերներիցս մի ջոկատ էլ չի մնացել։ Իմ ու Վանոյի ընկերությունը դիմացավ էդ փորձությանը։

-Ինչպիսի՞ ընկեր էր նա:

-Պատկերացրու` փողոցով քայլում ես, ու քո հետեւից մի քանի հոգի են վազում, որ, եսիմ, կամ պայուսակդ գողանան, կամ առեւանգեն քեզ, կամ հարվածեն, ու քո թիկունքում` երեք քայլ հետ Վանոն է։ Դու կարող ես չփախչել, որովհետեւ վստահ ես` ինքը չի թողնի, որ հասնեն քեզ։ Ինքը երբեք ընկերության մասին բարձրագոչ ճառեր չէր ասում, դու ուղղակի գիտեիր, որ եթե քեզ համար դժվար շրջան է, ինքը քեզ մենակ չի թողնի։ Թվում էր` կոշտ ու կոպիտ է, բայց արտաքուստ էր էդպես, ինքը մի մարդ էր, որին ոչ միայն կարող էիր վստահել, նաեւ կարող էիր խոստովանել քո արած էնպիսի սխալները, որ ինքդ քեզ կամաչեիր խոստովանել, ու էդպիսի պահերին ինքը զարմանալի նրբանկատ էր, էն կոշտ մարդու հետքն էլ չէր մնում։ Ի՞նչ ասեմ, ընկեր էր, որի կարիքը, բացակայությունը միշտ զգացել եմ, զգում եմ եւ երեւի կզգամ` մինչեւ ինքս էլ գնամ էնտեղ, որտեղ ինքը գնաց։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր