211652_close_icon
views-count1183 դիտում article-date 23:28 09-11-2024

Պարտվեցինք, որովհետև պետության անվտանգության համար պատասխանատուները կապ չունեին պետության հետ. Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․

«Պարտվեցի՞նք արդյոք։
 
Այո´, որպես պետություն պարտվեցինք, բայց որպես ազգ` ոչ: Սակայն դա բնավ չի նշանակում, որ որպես ազգ չենք կարող չպարտվել: Մենք պարտվեցինք որպես պետություն, քանզի երեսուն և ավելի տարիներ չցանկացանք ունենալ հենց այդ պետությունը, չգիտակցեցինք դրա կարևորությունն ու այն բացառիկ հնարավորությունը, որը տրվեց այս պահին ապրող սերունդներին:
 
Պետությունը չդարձավ այդ դաստիարակն ու ուղղորդող փարոսը: Ճիշտ հակառակը` իշխանություն ստացած ուժերն ամեն գնով ջանացին, որպեսզի հայկական անկախ ու ինքնաբավ պետականություն քարտեզի վրա գոյություն չունենա, քանզի գլխավոր խնդիրն ու հանձնառությունը ոչ թե սեփական պետության շահն էր, այլ դրսից պարտադրվածն ու թելադրվածն անցկացնելը ու վերահսկելը, որ հանկարծ չունենանք մերը, ինքնուրույնը, մաքուրն ու անխոցելին:
 
Մենք պարտվեցինք որպես պետություն, որովհետև պետության անվտանգության համար պատասխանատուները բնավ կապ չունեին այդ պետության հետ: 2016-ի քառօրյան ու 2020 թ. 44-օրյա պատերազմը լավագույնս ապացուցեցին, որ մենք ապրում ենք մի տարածքում, որտեղ մարդկային ռեսուրսն ու կապիտալը ամենաքիչ գնահատվածն է, իսկ գնահատման հիմնական միավորը վատ ու շատ վատ լինելն է: Հենց այդ պետության շահերի ու անվտանգության դեմ դուրս գալով է կանաչ ճանապարհ ապահովվում մի ամբողջ ազգի ու հասարակության ապագայի ու ճակատագրի համար որոշումներ կայացնողներին:
 
Բանակը պարտվեց այն ժամանակ, երբ ամեն տարի մեր զինվորներն ու քաղաքացիական անձինք անցնում էին թշնամու կողմը ու այնտեղ երկրի ղեկավարության հասցեին հայհոյախոսություններով հրճվալից հարցազրույցներ էին տալիս` հայկական բանակի համազգեստով: Չցանկացանք պարզել, թե ո՞վ էր մեղավորը, զինվորները, թե՞ հրամանատարությունը: Մենք չտեսանք ադրբեջանցի զինվորների ու սպաների, ովքեր կանցնեին հայկական կողմ: Չկար այդպիսի հրահանգ ու հանձնառություն, թեկուզ հակառակ դրվագն ունենալու համար:

Մենք պարտվեցինք, երբ մեր դեսպանները դեսպաններ չէին, իսկ հայ դիվանագետի հիմնական խնդիրը եղավ ծառայության անցած երկրի քաղաքացիություն ստանալն ու տեղում բիզնես սկսելը:

Մենք պարտվեցինք, քանի որ բանակը վերածեցինք ոչ թե պետության անվտանգությանը երաշխավորող հիմնական ու անփոխարինելի ինստիտուտի, այլ ծնող հարստահարելու միջոցով եկամուտ ու գերշահույթ ապահովող միջոցի:
 
Մենք պարտվեցինք, որովհետև տակավին հոգևորն ու աշխարհիկը չենք կարողացել զատել, կարևորել առաջնայինը երկրորդականից, չկարողանալով հստակ սահմանազատել ավանդականն ու արդիականը:

Մենք պարտվեցինք, որովհետև շարունակեցինք ապրել սովետական անուրջներով ու չվստահեցինք պետականութ կերտելու մեր հնարավորոթյանը, որը տեսիլք չէր, այլ շատ իրական էր: Մենք, որպես պետություն ու Սփյուռք հաճույքով շարունակեցինք չվստահել միմյանց ու ամեն առիթով հաշիվներ ու բացատրություններ պահանջել միմյանցից: Դա արվեց, քանի, որ համահայկական օրակարգ ստեղծելու ոչ նպատակ կա, ոչ էլ ցանկություն:

Մենք պարտվեցինք, որովհետև «Արցախ-հաղթանակը» տարեցտարի վերածեցինք «Արցախ-աքիլլեսյան գարշապարի» ու շատ հեշտորեն հաղթանակի մեր խորհրդանշանները վերածվեցին ատելության ու քամահրանքի խորհրդանշանների: Դա մենք արեցինք, մեր իսկ ձեռքերով, որովհետև տարեցտարի ավելի շատ փող ու եկամտի աղբյուր էինք ման գալիս, այլ ոչ թե անվտանգության հնարավորություններ:
 
Մենք պարտվեցինք, որովհետև չցանկացանք գիտակցել, որ թե´ Արցախի ու թե´ Սփյուռքի համար հենման կետն ու հիմնական պատվարը հենց Հայաստանի Հանրապետությունն է` Երևան մայրաքաղաքով: Չգիտակցեցինք, որ երեխային ծնողից առաջ չեն դնում ու ծնողի հեղինակության հաշվին երեխա չեն փառաբանում ու գովաբանում:

Մենք պարտվեցինք, որովհետև պետության հիմնական գործառույթը դարձավ խաբելն ու խաբեբայությամբ զբաղվելը, մարդ միավորին ստորացնելն ու նսեմացնելը, քաղաքացուն հարստահարելն ու նրա իրավունքները ոտնահարելը:
 
Մենք պարտվեցինք, քանզի չունենք անկախ ապրող, անկախ մտածող ու սեփական արժանապատվությունը գիտակցող մտավորական-ինտելեկտուալ խավ, որն իր լռությամբ ու կեղծ օրակարգեր սպասարկելով ընդամենը բացահայտեց պատեհապաշտ սպասարկուի իր հիմնական ինքնությունը:
 
Մենք պարտվեցինք, քանի որ սովորեցինք, որ պետությունը մեզ պետք է խաբի ու ապատեղեկացնի: Ու այդ համակարգային ստի հետ մենք հեշտությամբ համակերպվեցինք: Մենք չցանկացանք իմանալ ճշմարտությունը տասնյակ չբացահայտված սպանությունների, հոկտեմբեր 27-ի, մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ու մեզ պահեցինք սպանդանոցի դռանը կանգնած ու ճակատագրի հետ հաշտված խառնամբոխի պես: Հենց այդտեղ ել երկնեցինք Նիկոլ Փաշինյանին, ով ընդամենը մեր մեղքերի հետևանքն ու ցուցիչն է, ոչ ավելին…

Բոլոր վհատվածներին ու հուսահատվածներին մի խորհուրդ եմ ընդամենը տալու. հ´իշեք, որ պատմության ընթացքում շատ ավելի դաժան ժամանակաշրջաններ ենք հաղթահարել: Հիմա ժամանակն է խնդիրներ ձևակերպել ու հետամուտ լինել դրանց իրագործմանը: Մի´ ենթարկվեք բթացման պարտադրվող օրակարգերին: Մենք այս պահին ընդամենը շնագայլերով շրջապատված կենդանու ենք նման ու բոլորը կցանկանան թռցնել իրենց հասանելիք մսի կտորը: Զղջացողներ ու կարեկցողներ չեն լինելու:
 
Պատմությունն ու դրա դասերը շատ դաժան են… Այն, ինչին մենք ականատես եղանք ու վերապրեցինք, հնարավոր է հաղթահարել միմիայն դաժանագույն պատժի իրագործման արդյունքում: Իսկ համազգային պատիժը որպես միակ ու անփոխարինելի մեկնակետ նոր ճանապարհ բռնելու համար, պահանջում է արյուն, մեծ արյուն` սթափվելու ու առաջ գնալու համար…»։ 

Նմանատիպ նյութեր