211652_close_icon
views-count17435 դիտում article-date 21:53 28-10-2024

Վանաձորում «Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի» տնօրենը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Տիգրան Թադևոսյանն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի 58 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ 74-ամյա Նելի Խաբայանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Վանաձորի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին օգնել է վիրավորներին տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը։

Դեպքի մասին ոստիկանության Տարոնի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Դավիթ Ղազախեթյանի և Արման Գալստյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենն է։

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր