211652_close_icon
views-count994 դիտում article-date 17:51 28-10-2024

Բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են․ Արամ Թորոսյան

2024 թվականի հաշվետու ժամանակահատվածում և այս պահի դրությամբ նախորդ՝ 2023 թվականի նկատմամբ բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

«Այս տարի արձանագրված 33 մահվան դեպքերից շատ փորձագետներ, իրավապաշտպաններմ ՀԿ-ներ, որոշ լրատվամիջոցներ հանրությանը մատուցում են, որ բանակում այս տարի գրանցվել է 33 մահվան դեպք, չեն մասնավորեցնում։ 33 մահվան դեպքերից 5-ը դժբախտ պատահարի հետևանքով են տեղի ունեցել, 2-ը ավիավթարի հետևանքով, 5-ը հիվանդության, 11-ը ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, որից 7-ը ծառայության հետ կապված չէ։ Օրինակ՝ երբ զինծառայողը իր սեփական մեքենայով ծառայությունից դուրս վայրում վթարի ենթարկվել և սա տեղ գտնի մամուլում»,- ասաց նա և հավելեց, որ այդ ուղղությամբ տարվում են բազմաթիվ կանխարգելիչ աշխատանքներ։
Նա մանրամասնեց, թե ինչ աշխատանքների մասին է խոսքը․ «Զորամասերում շուրջօրյա աշխատանքներ են իրականացվում։

Մասնավորապես, առանձնահոտւկ ուշադրություն է դարձվում զինծառայողների ինքնախեղումների և ինքնասպանության հասցնելու, արտահաստիքային խմբի պլանային աշխատանքով նախատեսված խնդիրներին, նաև ռիսկային խմբերում գտնվող զինծառայողների հետ տարվում են մի շարք աշխատանքներ։

Զինված ուժերով հավաք-խորհրդակցությունների ժամանակ, Զինված ուժերի կարգապահության ամրապնդման ու բարելավմանն ուղղված խորհրդակցություններին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում զինծառայողների ինքնասպանությունների կանխարգելման, ինչպես նաև դիտակետում, դիրքում, հենակետում քնած զինծառայողի նկատմամբ ոչ կանոնագրքային դեպքերին»։

Թորոսյանի խոսքով՝ հանցագործությունների կանխարգելման գործում մեծ դեր ունեն սպա հոգեբանները, զորամասի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալները վերջիններիս հետ պարբերաբար անցկացնում են թեմատիկ սեմինարներ, դասընթացներ։
«Բանակը փակ կառույց է։ Երբ քաղաքացիական կյանքից մարդն անցում է կատարում զինվորական ծառայության, իր հետ բերում է նաև բարքեր, այդ թվում՝ արատավոր։ Արատավոր երևույթի մի զգալի հատված չեզոքացվում է, սակայն լիարժեք խուսափել այդ բարքերի թափանցումից, ցավոք, չի հաջողվում»,- նշեց Թորոսյանը։

Հարցին, թե զինծառայողների մահերի պատճառով քանի՞ պաշտոնյա է աշխատանքից ազատվել, մամուլի խոսնակն ասաց․ «Մեծ մասի վերաբերյալ հարուցված են վարույթներ, դրանք ընթացքում։ Այժմ որևէ թվային տվյալ չեմ կարող տրամադրել»։

Հարցին՝ ովքե՞ր են վարում ԶՈՒ-ին պատկանող մեքենաները, արդյո՞ք 18 տարեկան զինծառայողները, Արամ Թորոսյանն ասաց․ «Միանշանակ նշել, որ միայն պարտադիր ժամկետային զինծառայողներ են վարում, չեմ կարող, իհարկե կան նաև մեքենաներ, որոնք վարում են  պայմանագրայինները։ Երբ պարտադիր ժամկետային զինծառայողն է մեքենա վարում, նա նախապե անցած է լինում համապատասխան դասընթացներ նման մեքենա վարելու, համապատասխան պատրաստություն նաև ԶՈՒ-երում»։

Հարցին՝ արդյո՞ք հնարավոր չէր լինի, որ հմուտ վարորդները վարեին այդ մեքենաները, մամուլի խոսնակն ասաց․ «Չեմ բացառում, որ հնարավոր է վերանայել ԶՈՒ վարորդների մասնագիտական կամ այլ չափորոշիչները, բայց ցանկացած վարորդ նման մեքենա վարելու համար անցնում է վերապատրաստումներ»։

Նմանատիպ նյութեր