211652_close_icon
views-count50572 դիտում article-date 10:59 27-10-2024

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ Այգեստան թաղամասի տներից մեկում լսվել է պայթյունի ձայն՝ հրդեհի բռնկումով․ հրշեջները, մարելով կրակը, հայտնաբերել են տղամարդու մարմին․ բնակարանը գազաֆիկացված չի եղել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նախկին Այգեստան 11, այժմ Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում պայթյունի ձայն է հնչել, իսկ արդեն ժամը 04։15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված փողոցի 125/1 տանը պայթյունի ձայն է լսվել և նկատվում է կրակ ու ծուխ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8-րդ և թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, ինչպես նաև հատուկ փրկարարական աշխատանքների կատարման կենտրոնի հերթապահ խումբը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանն ու ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանը։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ։

Պարեկների, ինչպես նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ նշված հասցեին մոտենալու համար փրկարարների համար մեծ դժվարություն էր  առաջացել, քանի որ մի քանի կմ-ոց փողոցը նեղ էր և դժվարանցանելի, իսկ բնակիչները իրենց ավտոմեքենաները կայանել էին փողոցում, ինչը թույլատրելի էր, քանի որ նրանք հենց այդտեղ էլ պետք է կայանեին իրենց տրանսպորտային միջոցները, բայց պարեկներն ու ոստիկանները մեծ թվով ավտոմեքենաներ տարհանել են, այնուհետև տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Կարապետ Բետլեմյանն ու կրտսեր պարեկ Գրիշա Նիկոլյանը։

Հրշեջները մարելով 15 քառակուսի մետր հատվածում առաջացած կրակը հատակին հայտնաբերել են տղամարդու այրված դի։

Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Կիրակոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի, ինչպես նաև քննչական կոմիտեի քրեագետի գլխավորությամբ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը, «Գազպրոմ Արմենիա», «Տրանս գազ» և Երևանի ԳԳՄ-ի ծառայողները, սակայն տեղում տան սեփականատեր Արայիկ Մ․-ն հայտնել է, որ բնակարանը, որտեղ տեղի է ունեցել ողբերգական դեպքը գազաֆիկացված երբևե չի եղել։

Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 62-ամյա Գագիկ Թ․-ն։ 

Դեպքի փաստով քննչական 3-րդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և պարզվում է, թե ինչն է եղել պայթյունի պատճառը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր