211652_close_icon
views-count62857 դիտում article-date 19:22 10-10-2024

Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում․ հարազատ եղբայրները ծեծի են ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար․ ժամանել են ՊԾ Սյունիքի գումարտակի հրամանատարն ու Մեղրիի բաժնի օրվա պատասխանատուն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մեղրիի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մեղրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մեղրի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի և ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, պարեկներն ու ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Մկրտիչ Ն․-ն, ով ըստ բժիշկների «պոլիտրավմա» ախտորոշմամբ է ընդունվել հիվանդանոց, առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և 36-ամյա Վահրամ Ն․-ն, ով հիվանդանոց է ընդունվել «գլխի մազածածկ շրջանի բաց վերք» ախտորոշմամաբ, առողջական վիճակը՝ միջին ծանրության։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում, Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհի 30-րդ կմ-ին Մ. և Վ. Նավասարդյաններին ծեծի են ենթարկել «Թունել Սադ Արիանա» ՓԲԸ-ի աշխատակիցները: 

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Մեղրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները հարազատ եղբայրներ են, իսկ դեպքի վայրում էլ պարեկները հայտնաբերել են բեռնատար ավտոմեքենաները և տարածքը սահմանազատել են՝ մինչև ժամանել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները։

Մինչ պարեկների՝ դեպքի վայրին մոտենալը, ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարները՝ վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ, քանի որ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ նշված վայրում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ։

Տեղում պարզվել է, որ ոչ մի վթար չի եղել, այլ վիճաբանություն, ծեծկռտուք է եղել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ծեծի ենթարկված եղբայները նույնպես «Թունել Սադ Արիանա» ՓԲԸ-ի աշխատակիցներ են։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր