45377 դիտում
19:20 05-04-2015
Պայթյուն՝ Երևանում, ինչի հետևանքով տունն ամբողջովին փլուզվել է. բժիշկները պայքարում են 35-ամյա երիտասարդի կյանքի համար. ժամանել են շրջանի ոստիկանապետն ու ՓԾ օրվա պատասխանատուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ ապրիլի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում Ավան 6-րդ փողոցի (ժողովրդին հայտնի՝ Ծաղկի փողոցում) թիվ 37 տանը՝ դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել ուժգին պայթյուն, ինչի հետևանքով նաև տեղի է ունեցել փլուզում:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության թիվ 9 ,11 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 1 մարտական հաշվարկով, այնուհետև՝ թիվ 18 փրկարարական ջոկատը:
Ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման Ազգային կենտրոնի աշխատակիցները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետևանքով տունն ամբողջովին փլուզվել է, ինչի պատճառով էլ նշված տանը վարձակալական հիմունքներով բնակվող 35-ամյա Հովհաննես Կլնչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա առողջական վիճակը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Փրկարարական աշխատանքները տեղում ղեկավարում է ՓԾ օրվա պատասխանատու Գագիկ Կիրակոսյանը: Ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի գլխավորությամբ:
Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչները և ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքից տեղի ունեցած կուտակումն է եղել, սակայն վերջնական պատասխանը պարզ կլինի քննիչի կողմից նշանակված մի շարք փորձաքննությունների վերջնական պատասխանից հետո:
Պայթյունի հետևանքով հարևանությամբ գտնվող ավելի քան 10 տների պատուհանների ապակիները վնասվել են:
***
06.04.2015
11:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոցում 35-ամյա Հովհաննես Կլնչյանը մահացավ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+